04 05 2021

Երևանի մանկապարտեզներից մեկից աղիքային վարակի ախտանշաններով երեխաներ են հոսպիտալացվել

Երևանի մանկապարտեզներից մեկից աղիքային վարակի ախտանշաններով երեխաներ են հոսպիտալացվել

Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ (1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան):

Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-390C ջերմություն: Լաբորատոր հետազոտության նպատակով ստացիոնարում վերցված  կղանքի մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է E.Coli, վերջնական ախտորոշում է դրվել՝ «Էշերիխիոզ»: 

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են Երևանի «N» մանկապարտեզ, նույն մանկապարտեզ հաճախող ևս 3 երեխա` աղիքային վարակին բնորոշ գանգատներով, գտնվում են տանը:

 

Մանկապարտեզում նույն ախտանշաններով հայտնաբերված ևս մեկ երեխա մեկուսացվել է:

Մանկապարտեզի շրջակա միջավայրի մակերեսներից վերցվել է ախտահանման որակի 67 նմուշ, ջրի մանրէաբանական հետազոտության նպատակով՝ 2 նմուշ, ինչպես նաև սննդամթերքի` 7 նմուշ  (ոսպով ապուր, վարսակի շիլա, մսով ապուր, հավի մսով փլավ, մակարոնով փլավ, կարտոֆիլի խյուս, կաթնով): Բոլոր աշխատակիցները (10) նմուշառվել են լաբորատոր հետազոտության նպատակով, ինչպես ստաֆիլակոկակրության, այնպես էլ մանրէակրության վերաբերյալ: Մանրէաբանական լաբորատոր  հետազոտության նպատակով նմուշառվել են նաև մանկապարտեզի սաները (53):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ