17 04 2021

Սոթքի հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը փակ պահել

Սոթքի  հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը փակ պահել

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել։

Ինձ են դիմել հանքավայրի  աշխատակիցները՝ դժգոհելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ստանում են ոչ լիարժեք աշխատավարձ, և տեղեկացել են, որ արդյունահանման ծավալների նվազման պատճառով հնարավոր չէ՝ նախկին չափով աշխատավարձ ստանան։ Աշխատակիցները ամսվա վերջում են միայն պարզում, թե ինչքան աշխատավարձ են ստանալու։ Ընդ որում՝ նախկինում ստացած աշխատավարձից 4-5 անգամ պակաս։ Երեկ նրանք հանդիպել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ, որը լսել է աշխատակիցների պահանջը, բայց խնդիրը ցավոք չի լուծվել։

Այսօր կրկին ինձ հետ են կապվել աշխատակիցները, ովքեր մասնավորապես նշեցին, որ հուսով էին՝ խնդիրը կկարգավորվի, սակայն դեռևս լուծում չի ստանում, և իրենք վիրավորված են։ Հանքավայրի աշխատակիցները հավելում են, որ առօրյա ընտանեկան ծախսերի հետ մեկտեղ ունեն վարկեր, որոնց մարման պարտավորությունների կատարման մասով լրջագույն խնդիրներ են ունենում և բնականաբար վարկեր վերցնելուց առաջ չէին կարող կանխատեսել, որ ոչ իրենց մեղքով փաստորեն այսպիսի խնդրի առաջ են կանգնելու։

Հասկանալով իհարկե հետպատերազմական փուլում առկա դժվարությունները՝ ակնկալում եմ իրավասու և օժանդակության որևէ լծակ ունեցող բոլոր օղակներից, որ առաջնահերթ կդիտարկեն խնդիրը, ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու հարցը։

Մենք պարտավոր ենք կանգնել թշնամու ակնդետ հայացքի ներքո՝ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա աշխատող մեր հայրենակիցների կողքին։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք նրանց։

Հ.Գ. Ինչպես բազմիցս ահազանգել եմ, հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ էլ կրճատվել են, քանի որ հանքի տարածքի մեծ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ