«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի և դրա իրագործման մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլը երկիրը ճգնաժամից դուրս բերելու 6-ամսյա ճանապարհային քարտեզ հրապարակեց։ Այդ ճանապարհային քարտեզն իրագործելու անհրաժեշտությամբ էլ նա հիմնավորում էր իր հրաժարական չտալը.
«Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին»։
Թեպետ բոլորիս էլ դեռ այն ժամանակ էր պարզ, որ այդ քարտեզը հերթական կռուտիտն է, բայց այսօր՝ երբ իր ուզած 6 ամսից 5 ամիսն արդեն համարյա անցել է, եկեք արագ անցնենք այդ քարտեզի կետերով, տեսնենք, թե որն ինչպես է դասավորվել...
ԿԵՏ 1. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով...»
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Գործընթացը չի վերականգնվել, և որևէ նշույլ էլ չկա, որ տեսանելի ապագայում կվերականգնվի։
ԿԵՏ 2. «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Զգալի մասը չի վերադարձել։ Բնականոն կյանքը վերականգնված չէ, ՀՀ հետ բնականոն կապ էլ չկա։ Ներկայիս տեմպերով վնասված տների, բնակարանների, ենթակառուցվածքների վերականգնումը տասնամյակներ է տևելու։
ԿԵՏ 3. «Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Պատերազմի ավարտից 5 ամիս անց էլ զոհվածների (նրանց, ում անունները հայտնի են) ընտանիքների մոտ կեսի սոցիալական երաշխիքներն ապահոված չեն, օրենքով հասանելիք գումարներն այդ մարդկանց վճարված չեն։ Էլ չասեմ, որ զոհերի իրական թիվը նույնիսկ հայտնի չէ։
ԿԵՏ 4. «Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հասկանալի չէ, թե կոնկրետ ինչի մասին է խոսում, բայց շեշտեմ, որ այս ամպագոռգոռ խոստումներից արդեն ՀԵՏՈ Նիկոլը հանձնեց թշնամուն Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի մի հատված, Շուռնուխ գյուղի մի մասը, և այլն, և այլն։ Եթե սա կոչվում է «վերականգնում», ապա Նիկոլն էլ Տիկնիկ Բառբին է։
ԿԵՏ 5. «Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ինչքանով որ ես եմ տեղյակ, պետությունը գրեթե բան չի արել, ինչ արվում է՝ հիմնականում մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ է արվում։ Ու էլի մի զգալի մասի սոցիալական երաշխիքների հարցը դեռ ձգձգվում է։ Հաշմանդամների իրական թիվը պաշտոնապես հայտնած չէ։
ԿԵՏ 6. «Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ոչ միայն բոլոր գերիները չեն վերադարձվել, այլև այս հայտարարությունից հետո առնվազն 62 զինծառայող էլ գերեվարվել է և Ադրբեջանը հրաժարվում է այդ գերիներին վերադարձնել։ Գերիների թիվը պաշտոնապես չի հայտարարվել։ Նրանց ընտանիքների «սոցիալական երաշխիքները» չգիտեմ, թե ոնց են ապահովվում, բայց փաստ է, որ մի քանի օր առաջ 2 օր ՊՆ-ն շրջափակման մեջ պահեցին այդ մարդիկ։ Անհետ կորածների պաշտոնական թիվն էլ հայտնի չէ։ Իսկ «սոցիալական երաշխիքները» ընտանիքների միայն մի մասինն է ապահովված։
ԿԵՏ 7. «Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ինչքանով որ տեղյակ եմ, ինչ արվում է, անհատների և մասնավոր կազմակերպությունների ջանքերով է արվում, առանձին տեղերում։ Ամբողջ երկրի մասշտաբով պատերազմի մասնակիցներին հոգեբանական աջակցության համակարգ չի ձևավորվել և որևէ քայլ այդ ուղղությամբ արված գոնե ինձ հայտնի չէ։
ԿԵՏ 8. «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Այս հարցով որևէ բաց հանրային քննարկում չի եղել, միայն պաշտոնյաների կենացներ։ Պաշտպանական համակարգի կադրային ցնցումների, այնտեղ տիրող անիշխանության և քաոսի ֆոնին բարեփոխումների մասին ցանկացած խոսակցություն ընդամենը կենաց է... Ակտիվ ռազմական գործողություններից 5 ամիս անց մեր անվտանգության համակարգն ավելի վատ վիճակում է գտնվում, քան պատերազմի վերջին օրն էր։ Այս 5 ամսում թշնամուն են հանձնվել բազմաթիվ դիրքեր, ռազմավարական նշանակության կոմունիկացիաներ Սյունիքում։
ԿԵՏ 9. «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Եթե խոսքը մեր հարազատների, մեր հայրենակիցների կյանքի ու առողջության մասին չլիներ, այստեղ կարելի էր մի թարախ «հա-հա» զմայլիկ դնել, բայց... Նենց հաղթահարեցին, նենց հաղթահարեցին, էլ դու սուս։ Հետևանքներն էլ հո չվերացրին, հո չվերացրին, ուղղակի ասելու չի, թե ոնց վերացրին։
ԿԵՏ 10. «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»:
Սա կլինի չմեկնաբանեմ, չէ՞։
ԿԵՏ 11. «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. «Ժողովրդագրական խնդիրների լուծման» ինչ-որ նոր ծրագրերից տեղյա՞կ եք, որ դեռ մի բան էլ ակտիվանային։ Այս 5 ամսում այդ թեմայով ինչ-որ բան լսե՞լ եք։
ԿԵՏ 12. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե իր անձնական օրակարգն այստեղ չխցկեր։ 12րդ կետը որևէ կապ չունի երկրի հետպատերազմյան վերականգման հետ։ Կապ ունի իր վերընտրվելու շանսերն ավելացնելու հետ։ Այդ պատճառով ԸՕ-ում փոփոխություններ մտցնելու գործընթացը թափով առաջ է գնում։ Այն եզակի կետերից է, որի ուղղությամբ իսկապես աշխատում են։
ԿԵՏ 13. «Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Նույնը, ինչ և նախորդ կետի համար՝ սա Նիկոլի անձնական օրակարգն է, որով պատրաստվում է գույք խլել իր և իր մերձակա շրջապատի համար։ Այդ պատճառով այս կետով էլ են շատ ակտիվ աշխատում։ Երկրի հետպատերազմյան վերականգնման հետ որևէ կապ չունի, ընդհակառակը, ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը։
ԿԵՏ 14. «Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում»։
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հաշվի առնելով, որ կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենք հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է կարողանում Նիկոլը գնալ, հաշվի առնելով, որ հանրությունից գաղտնի ՀՀ տարածքներ հանձնեցին, իհարկե, շատ խնդալու է հանրության հետ «մշտական թեմատիկ կոնսուլտացիաների» անցկացման մասին այս հայտարարությունը։ Իհարկե, չհաշված Նիկոլի տռուսիկում հարմարավետ տեղավորված մի քանի կուսակցություններին ու ՀԿ-ներին...
Ավելին՝ հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, ազգային կառույցներ, հազարավոր հանրային և քաղաքական գործիչներ, ու նույնիսկ պաշտոնյաներ, պահանջել են Նիկոլի հրաժարականը։
ԿԵՏ 15. «Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Նույն վիճակն է, ինչ և 15րդ կետում։
Այսպիսով, Նիկոլն իր ուզած 6 ամսից 5 ամսում իր իսկ առաջարկած ճանապարհային քարտեզից միայն 2 կետով է առաջ շարժվել։ Այն կետերով, որոնք որևէ կապ չունեն երկրում ճգնաժամը հաղթահարելու հետ, այլ կապ ունեն իր անձնական իշխանությունը փրկելու հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը