07 09 2021

Դիրքապահի խնդիր կա, մինչդեռ զինված ուժերում կրճատումներ են անում․ ռազմական փորձագետ․ Yerkir.am

Դիրքապահի խնդիր կա, մինչդեռ զինված ուժերում կրճատումներ են անում․ ռազմական փորձագետ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

Սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ՊՆ-ն հայտարարել է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության մեջ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ՊՆ-ն եռամսյա նոր վարժական հավաքներ է անցկացնում, քանի որ առաջնագծում դիրք պահելու խնդիր կա․ հապճեպ փորձ է՝ դիրքապահների պակասն արագ լրացնելու։

«Եռամսյա հավաքներ վերջին անգամ եղել են 1993-1994 թթ․-ներին, որոնց մասնակցած զինվորականները հետո մասնակցում էին մարտերի։ Այս վարժանքներում ներգրավված անձինք ծառայության են անցնելու առաջնագծում՝ դիրք են պահելու։ Ըստ էության, պետությունը դիրքապահների խնդիր ունի եւ փորձում է եռամսյա հավաքներով  այս խնդիրը լուծել»,- ասում է Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետը, սակայն, կարծում է, որ երեք ամիսը բավարար չէ մարդկանց մարտական պատրաստականության եւ պատրաստվածության բերելու համար։ «Եվ դեռ հարց է՝ այդ անձինք ի՞նչ տիպի ծառայություն են անցնելու, արդյո՞ք իրենք դիրքապահի անհրաժեշտ հմտություններն ունեն։ Այստեղ շատ հարցեր կան։ Սա, իմ կարծիքով, հապճեպ փորձ է՝ դիրքապահների պակասն արագ լրացնելու համար։ Այս պարագայում հարց է առաջանում՝ եթե դիրքապահի խնդիր կա, ինչո՞ւ են զինված ուժերում կրճատումներ անում եւ շարունակում խոսել կրճատումներից։ Ինչո՞ւ են եռամսյա հավաքների անվան տակ մարդկանց տանում՝ դիրքեր պահելու, այս հարցի պատասխանը պաշտոնական աղբյուրներից չի հնչել»,-  հարց է բարձրացնում ռազմական փորձագետը։

Մինչեւ պատերազմը, զինված ուժերից բացի, այս իշխանությունները ծրագրում էին նաեւ աշխարհազոր ստեղծել՝ մինչեւ 100 հազար աշխարհազորայինով։ Պաշտպանության նախարարությունն էլ առաջարկում էր «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել. նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Վրթանեսյանը չի զարմանում, որ այս ծրագիրը եւս կյանքի չկոչվեց, ասում է՝ իսկ ի՞նչ եղան տնտեսության թռիչքաձեւ աճը, ի՞նչ եղավ կաթիլային ոռոգումը, 10 մլն ծառ տնկելու խոստումները․ «Այդ ամենը օդում կախված մնաց։ Խոսում են, բայց խոսքը եւ գործը երկու շատ տարբեր բաներ են։ Այսօր փաստն այն է, որ մի կողմից քաղաքացիական անձանց տանում են եռամսյա հավաքների՝ որպես դիրքապահ, ինչը ես համարում եմ առանց անհրաժեշտ նախապատրաստության, մյուս կողմից էլ բանակի կրճատման գործընթաց է գնում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ