Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է․
«29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։
Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։
Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:
Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը