82 տարեկան հասակում մահացել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։
Նշենք, որ օրեր առաջ Արկադի Տեր-Թադևոսյանին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։
Արկադի Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։
1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։
1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։
1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։
1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը