Դեռևս մարտի 13-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է 36 VV 355 օպերատիվ պետհամարանիշերով մեքենայով: Հրապարակել էինք նաև ասվածը փաստող լուսանկարներ:
Մենք փորձեցինք պարզել, թե ո՞րն էր Անդրանիկ Քոչարյանին օպերատիվ պետհամարանիշեր տալու իրավական հիմքը, և հարցումներ ուղարկեցինք թե ՀՀ Ազգային ժողով՝ որպես պատգամավորի գործատուի, թե ՀՀ ոստիկանություն, որտեղից ստացվել են այդ համարանիշերը:
Մինչ 168.am-ը կստանար իր հարցումների պատասխանները, մարտի 22-ին ստացանք նոր լուսանկար, որում երևում էր, որ մեր հրապարակումից հետո, ինչն Անդրանիկ Քոչարյանը բավականին ծանր էր տարել, այնքան, որ այդ մասին նույնիսկ Խորհրդարանի միջանցքներում հրապարակային էր բարձրաձայնում, կրկին փոխել էր մեքենայի համարները՝ վերադարձնելով նախկին համարանիշերը:
Ազգային ժողով ուղարկել էինք հետևյալ բովանդակությամբ հարցումը. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար ԱԺ-ն ՀՀ ոստիկանությունից պահանջել ու ստացել է օպերատիվ 36 VV 355 պետհամարանիշները: Խնդրում ենք ներկայացնել այն իրավական հիմքերը, համաձայն որոնց՝ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նշված պատգամավորի՝ օպերատիվ պետհամարանիշներով երթևեկությունը»:
ԱԺ-ից մեզ պատասխանել էին, որ ՀՀ Ազգային ժողովը նման պահանջով ոստիկանություն չի դիմել:
Քանի որ օպերատիվ համարներ որևէ աշխատողի համար կարող է պահանջել ու ստանալ այն գերատեսչությունը, որը նա ներկայացնում է, ԱԺ պատասխանը մեզ ստիպեց նույն հարցումն ուղարկել նաև ոստիկանություն՝ պարզելու համար, թե եթե ԱԺ-ն պատգամավորի համար օպերատիվ համարներ չի պահանջել, ինչո՞ւ են նրան տրամադրվել այդ պետհամարանիշերը, ի՞նչ իրավական հիմքով:
Մեր հարցման պատասխանը ստացել էինք Ճանապարհային ոստիկանությունից՝ ՃՈ պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի ստորագրությամբ:
168.am-ին պատասխանել էին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի անվամբ օպերատիվ հաշվառման պետհամարանիշեր չեն հատկացվել:
Նկատենք, որ ոստիկանություն ուղարկված մեր հարցման մեջ ևս նշել էինք այն օպերատիվ պետհամարանիշերը՝ 36 VV 355, որոնք եղել էին Անդրանիկ Քոչարյանի մեքենայի վրա, և ոստիկանությունից ոչ միայն չեն հերքել, որ դրանք օպերատիվ պետհամարանիշեր են, այլև ասել էին, որ իրենք չեն հատկացրել:
Ուշագրավ է նաև ՃՈ պատասխանի շեշտադրումը՝ «Անդրանիկ Քոչարյանի անվամբ օպերատիվ հաշվառման պետհամարանիշներ չեն հատկացվել»:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ անվամբ են դուրս գրվել այն պետհամարանիշերը, որոնք հետո հայտնվել են Անդրանիկ Քոչարյանին սպասարկող մեքենայի վրա, և ո՞վ է այդ իրավախախտման պատասխանատուն:
Հետաքրքիր է միայն՝ ի՞նչ նկատառումներից ելնելով է Անդրանիկ Քոչարյանը որոշել, որ իր մեքենան պիտի ունենա օպերատիվ պետհամարանիշեր՝ զուտ անձնական ամբիցիա՞ է, թե՞ գումարը չի բավականացնում խախտումների համար նշանակված տուգանքները մուծելու համար:
Աղբյուրը՝ 168.am
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը