28 03 2021

Ապօրինությունների երկու տարի 7 ամիս. Panorama.am

Ապօրինությունների երկու տարի 7 ամիս. Panorama.am

Panorama.am-ը հրապարակել է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը.

Մարտի 26-ի հայաստանյան լրատվական դաշտը ողողված էր մեկ լուրով՝ Սահմանադրական Դատարանը ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր։ Այսինքն հաստատվեց այն, ինչը 2018-ի հուլիսից՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման պահից,  անդադար պնդում էին վերջինիս փաստաբաննները։ Երկու տարի յոթ ամիս Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և նրանց պաշտպանների կյանքը ամենօրյա պայքար էր արդարությանը հասնելու համար։

Ի վերջո, հասան առաջին հաջողությանը՝ ապացուցվեց գործի սարքովի լինելը գոյություն չունեցող հոդվածով։ Սակայն քանի դեռ աթոռից պոկված չէ վարչապետ կոչվածը, չի իմացվի, թե օրինակ երեքշաբթի օրը նշանակված  դատական նիստին ինչ ֆանտաստիկ մտահանգումներով հանդես կգան դատախազներն ու դատավորը, ովքեր արդեն շատ են խորացել անարդարության ճահճում։  Առաջին իսկ օրվանից էին լուրջ իրավաբանները նրանց զգուշացնում, որ  ինքնամոռաց ծառայամտությամբ կատարելով օրենքի խախտումներ՝ հարցականի տակ են դնում իրենց մասնագիտական ապագան, ավելին՝ իրենց ազատությունը։

Երկար վերլուծության նյութ է, թե ինչ արժեցավ այս խայտառակ դատավարությունը երկրի հեղինակության, այսօրվա աղետալի վիճակի և անձնապես յուրաքանչյուր հետապնդման ենթարկվածի վրա։ Այսօր առանձնացնենք մի կարևոր իրողություն․ այն, որ այս բաց դատավարությունը բացեց շատերի աչքերը։ Եթե սկզբնական շրջանում քչերն էին համարձակվում  բացեիբաց հայտարարել, որ գործը քաղաքական հետապնդում է և ուղղված է կարևոր անձանց ու ինստիտուտները վարկաբեկելուն, ապա ժամանակի ընթացքում  շատ շատերը եկան այդ կարծիքին։

Դրանում մեծ դեր խաղաց դատական նիստերի հեռարձակումները, որտեղ իրենց պահվածքով   պատկառանք էին ներշնչում մեղադրյալների կողմում նստածները, իսկ դատախազներն ու տուժողների ներկայացուցիչները (նաև տուժողները) մեղմ ասած՝ նյարդայնացնում էին։ Իրենց անմեղության գիտակցությամբ Քոչարյանն ու մյուսները ապացուցեցին, որ ոչ մի զիջման չեն գնալու իրենց ոտնահարված իրավունքների վերականգման հարցում։ Այդ կամքն ու վստահությունը փոխանցվելով աջակիցներին՝ ավելի ու ավելի ստվարացրեց  նրանց շարքերը։

ՍԴ որոշման կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ու որդին շնորհակալություն հայտնեցին աջակիցներին՝ իրենց կողքին լինելու և չընկրկելու համար։ Իսկ իրականում երևի մենք պետք է շնորհակալություն հայտնենք ՀՀ երկրորդ նախագահին՝ իր տոկունությամբ և հավասարակշռվածությամբ  մեզ  օրինակ ծառայելու համար, իրեն մեղսագրված արարքների անհեռանկարությունը մինչև վերջ ապացուցելու պատրաստակամության  համար, զրկանքներին տղամարդավարի դիմանալու համար։ Շնորհակալություն հայտնենք, որ 537 օր ինքը լինելով լինելով նեղ տեղում՝ մեզ թույլ չտվեց կոտրվել ու հուսալքվել, կես ճամփից հեռանալ։ 

Քանի քանի անգամ համատարած ստից ու հայրենադավությունից զայրացած ու հուսահատված՝ ցանկացել ես թողնել դիրքերդ, բայց տեսնելով Ռոբերտ Քոչարյանի աննկուն ու սառնասիրտ  կեցվածքը, նորից ուղղել ես մեջքդ ու շարունակել ես գործդ․ ամեն մեկը իր գործը՝  փաստաբանը, լրագրողը, քաղաքական ու մշակությանի գործիչը, ձյան ու անձրևի տակ հավաքին մասնակցող աջակիցը։ 

Փաստորեն, հայկական գունավոր հեղաշրջման օտար սցենարիստները շատ լավ գիտեին ՀՀ Երկրորդ նախագահի ազդեցության ուժը, ինչի համար էլ հենց սկզբից մեկուսացրեցին նրան՝ օրենք ու բարոյականություն տրորելով։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ նրանք էին թերագնահատել Ռոբերտ Քոչարյանի բացառիկությունն ու խարիզման, ինչի վկայությունը նրա օր օրի աճող վարկանիշն է, և տարբեր կողմերից հնչող այն միտքը, որ միայն Քոչարյանը կարող է երկիրն անդունդից հանել։

Սպասենք Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ 301․1 հոդվածով գործի դադարեցմանը՝ լիարժեք հաղթանակ զգալու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ