Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում զանգվածային լրատվության միջոցների և խոսքի ազատությունը:
Այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ՝ մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ:
«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրենքը և նշել, որ այն կարելի է չարաշահել՝ չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար: Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգությունները և չեղարկել օրենքը»,- շեշտել է կազմակերպության՝ Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:
Հիշեցնենք՝ 2021 թվականի մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը: Ըստ այդմ՝ եռապատկվել է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն սահմանվել է մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։
Կազմակերպությունը նշում է՝ օրենքն ընդունվել է առանց հաշվի առնելու արդարադատության նախարարության կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեսակետները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կազմակերպությունների կարծիքները, որոնք լուրջ մտահոգություն են հայտնել դրա վերաբերյալ: Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով՝ չստորագրելու օրենք և այն ուղարկելու Սահմանադրական դատարան՝ վերանայման:
Freedom House-ը հիշեցնում է, որ 2010 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհրդի՝ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրներին ուղղված դիմումից հետո ապաքրեականացրել է զրպարտությունն ու վիրավորանքը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ նոր փոփոխությունները հակասում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պահանջին:
«Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»,- ասվում է 8-րդ հոդվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը