Գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է այդ թվում Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության ու մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ», - ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 2-ին կայանալիք հանդիպմանը հնարավո՞ր է գերիների վերադարձի հարցում ինչ-որ տեղաշարժ լինի։
«Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցն իսկապես լուծվի ու լուծվի հնարավորինս շուտ։ Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ու, իհարկե, ավելի տրամաբանական մոտեցում է բոլորը բոլորի դիմաց փոխանակումը։ Արվում է ամեն հնարավորը, և կարծում եմ՝ այո, հանդիպումների ընթացքում այս թեման ևս կքննարկվի», - ասաց Կոպիրկինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը