Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ.
Դատարանը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ՝ կառավարության տրամադրած տեղեկատվության վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած (այնուամենայնիվ, 6 գործերով անհատ դիմումատուները պնդում են, որ իրենց ազգակցի մահվան փաստը հաստատող որևէ ապացույց չեն ստացել): 249 հայերից 72-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ինչ վերաբերում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի Կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում:
39-րդ կանոնը կիրառվել է 249-ից 229 հայերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մյուս 20 անհատներին, ապա նրանց վերաբերյալ 39-րդ կանոնի կիրառման քննությունը կասեցվել է կամ որևէ որոշում չի կայացվել, քանի որ վերջիններս այդ ընթացքում վերադարձված էին: Ադրբեջանի կառավարությունից պահանջվել է տրամադրել հստակ տեղեկատվություն վերոնշյալ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ նրանց պահման պայմանների, բժշկական զննության ենթարկելու , ինչպես նաև վերադարձնելու նպատակով արդեն իսկ ձեռնարկված, կամ նախաձեռնվող միջոցների վերաբերյալ:
2021 թվականի փետրվարի 19-ին Սեկցիայի Նախագահը վերացրել է 41 հայ անձանց, ներառյալ 40 վերադարձվածների և որոնողական աշխատանքների արդյունքում աճյունը գտնված 1 անձի վերաբերյալ կայացված միջանկյալ միջոցները: Այսպիսով, 39-րդ կանոնի ներքո կիրառված միջոցների որոշումները ուժի մեջ են մնում Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 անձանց վերաբերյալ:
Դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին ծանուցել իր կողմից կիրառված միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է քննարկվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Դատարանի սահմանած ժամկետները եւ տրամադրել է ավելի ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն:
Ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է նկատել, որ 39-րդ կանոնի կիրառման դիմումներ Դատարանը ստացել է նաև Ադրբեջանի կառավարությունից՝ Հայաստանի կողմից ենթադրաբար գերեվարված 16 ադրբեջանցի անձանց վերաբերյալ: Նշված խմբից 12 անհատների գերի լինելու փաստը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից, և այդ անձնինք 2020 թվականի դեկտեմբերին վերադարձվել են։ Մնացյալ 4 անձանց գերեվարությունը չի հաստատվել Հայաստանի կառավարության կողմից: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տրամադրված տեղեկատվւթյան ամբողջական բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել 39-րդ կանոնը այս դիմումներից որևէ մեկի պարագայում, փոխարենը՝ կասեցրել է 39-րդ կանոնի ներքո իր քննությունը:
Դատարանը պահպանում է 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ ապագայում ներկայացվող դիմումների նկատմամբ իր իրավասությունը: Արդեն իսկ կիրառված միջոցները ուժի մեջ են մնում մինչև հակառակի վերաբերյալ որոշման կայացումը:
Մանրամասները՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը