Փաստորեն, ըստ Կառավարության, դատապարտելի է հայրենանվեր, արհեստավարժ աշխատանքը, կրթությունն ու գիտությունը։ Կառավարությունը մարտի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն է տվել (հակասահմանադրական) օրենսդրական նախաձեռնությունների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։
Արհեստավարժ և նվիրված աշխատանքը Կառավարության համար անընդունելի է։ Երևի, ըստ նրանց, պետք է գործ չանել և լինել մասնագիտորեն չկայացած, որպեսզի Կառավարության աչքին «լավը» լինես։
Վերացվում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքը՝
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից» ֊ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք, Հոդված 8,5:
Կառավարությունը որոշել է հարվածել նաև գիտնականներին ու գիտությանը։
Վերացվում է գիտության և գիտատեխնիկական գործունեության զարգացման օրենսդրական երաշխիքը՝
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ» ֊ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, Հոդված 23,2:
Կառավարությունը նպատակադրվել է հարվածել նաև ուսուցիչներին ու կրթությանը։
Վերացվում է կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքը՝
«Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից» ֊ «Կրթության մասին» ՀՀ օրենք, Հոդված 46,2:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս նախաձեռնությունները հակասահմանադրական, հակապետական, հակաազգային են, և եթե Կառավարությունն իր կցորդ «Իմ քայլը» խմբակցությամբ անցկացնի այս օրենսդրական նախաձեռնությունները, ապա այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա»,- գրել է Սիմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը