Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։
Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։
Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։
Կոչ ենք անում.
Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։
Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։
Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը