06 02 2021

12 մլրդ դրամ`Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար

12 մլրդ դրամ`Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական  հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի  և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման թեման  բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:

Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման  գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազիֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազիֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:

Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները: Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով: Դրանք վերաբերում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն, փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն, ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն: Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ