17 01 2021

Բոլոր բնակավայրերում արդեն վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ Արցախի նախագահ

Բոլոր բնակավայրերում արդեն վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի ՛ հայրենակիցներ

Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու:

Պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, շնորհիվ համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի՝ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում: Մենք խորապես երախտապարտ ենք ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ