Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում մարտերի ժամանակ վատ էր հասկանում, թե ինչ է տեղի ունենում ճակատում, չնայած նա հնարավորություններ ուներ պատերազմը կանխելու կամ այնպես վարելու, որ պահպաներ հիմնական դիրքերը: Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է հայկական ընդդիմության վարչապետի միակ թեկնածու Վազգեն Մանուկյանը:
««Գունավոր հեղափոխությունների» ալիքի վրա իշխանության են գալիս մեծ մասամբ ոչ բանատեղյակ մարդիկ, որոնք պատրաստ չեն կառավարությունը գլխավորելուն: [Վարչապետ Նիկոլ] Փաշինյանը հասարակությունը բաժանեց նախկինների եւ ներկաների, հասարակությանը պառակտեց: Նույն բանը տեղի է ունեցել թե՛ Ուկրաինայում, թե՛ այլ վայրերում, որտեղ «գունավոր հեղափոխություն» է իրագործվել»,- ասել է նա:
«1992-1994 թվականների ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ մենք Ադրբեջանին հաղթեցինք, մեզ շատ օգնեց, որ այն ղեկավարում էր Աբուլֆազ Էլչիբեյը: Այդ ժամանակ դեռեւս չկար «գունավոր հեղափոխություն» տերմինը, բայց նա մարդ էր, որը հետեւում էր հենց այդպիսի հայացքների: Հիմա Ադրբեջանն օգտվեց այն հանգամանքից, որ մենք ունենք մեր Էլչիբեյը»,- հավելել է Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը