Sputnik Արմենիան գրում է․
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։
«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են»,–ասել է Սինանյանը։
Նրա խոսքով`այժմ ՄԻԵԴ-ն է զբաղվում Մարալ Նաջարյանի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։ Սինանյանը հայտնել է նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը