Արցախի Մարտունի քաղաքում առայսօր ցուցակագրվել է վնասված 850 տուն պատերազմի ընթացքում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով. քաղաքում ընդհանուր առմամբ կա 950 տուն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Մարտունու քաղաքային համայնքի ղեկավար Էդիկ Ավանեսյանը՝ հավելելով, որ վնասված շենք-շինությունների ուսումնասիրման գործընթացը շարունակվում է: Նրա հաղորդմամբ՝ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև՝ 10 վարչական նշանակության, 9 բազմաբնակարան, 2 դպրոցական, 2 մանկապարտեզի շենք-շինություն, ինչպես նաև՝ շրջկենտրոնի մշակույթի պալատն ու ենթակառուցվածքները:
«Վերականգնման աշխատանքները նախատեսված են փուլերով: Ըստ առաջնահերթության՝ այս փուլում նախատեսվում է վերականգնել 68 տուն: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ ցուցակագրված է 180 տուն, որոնք առաջնահերթության կարգով պետք է վերականգնվեն: Շինարարական աշխատանքներում ընդգրկված են 10 շինարարական ընկերություն ու կազմակերպություն՝ Հայաստանից ու Արցախից »,-մանրամասնել է քաղաքապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը