Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կապիտալն ունի' Հայրենիք
Հայկական պետության անկման այս ընթացքն անհանդուրժելի է, և մեծագույն ողբերգություն է Ազգի, Հայրենիքի և Պետության զգացում ունեցող յուրաքանչյուր հայի համար:
Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական ոլորտի ներկայացուցիչներն ու գործարար համայնքն առաջիններից են, որ ընկալում են այն արհավիրքի հետևանքները, որը տեղի ունեցավ Հայոց աշխարհում, և այն աղետաբեր հանգրվանը, որտեղ գտնվում է երկրի անվտանգային, տնտեսական ու սոցիալական համակարգը:
Գործող վարչախմբի կողմից վարած արտաքին և ներքին բացահայտ հակապետական ու հակահայ քաղաքականության հետևանքով երկրին հասցված բազմաթիվ հարվածներից հետո ձախողվել է պետությունը, իսկ տնտեսությունը հայտնվել է լիարժեք փակուղում:
Եթե ընթացքը կանգ չառնի, ապա հաջորդ հարվածը, որն իրեն երկար սպասել չի տալու` դաժանորեն տապալելու է տնտեսությունը, իր բոլոր ծանրագույն հետևանքներով:
Ենթադրում եմ` տնտեսական ոլորտի ծառայողներն ու գործարար աշխարհը քաջ գիտակցում են այն ակնհայտ իրողությունը, որ այս քաղաքականության շարունակությունն առավել ուժգին և անկասելի է դարձնելու այն վերջին հարվածը, որը ոչնչացնելու է տնտեսությունն ու երկիրը:
Հետևաբար` նաև գիտակցում են, որ գործող վարչախմբի հետագա ամեն նոր գործողություն առավել մոտեցնում է երկրի համընդհանուր կործանման ողբերգական պահը:
Անելանելի թվացող այս իրավիճակից դուրս գալու համար մեր բազմաթիվ գործարարներ պակաս ասելիք և անելիք չունեն, քան այլ ոլորտների առաջատար ներկայացուցիչները:
Համոզված եմ` նրանցից շատերը պակաս հայրենասեր չեն, քան դրսում բնակվող հայազգի հայրենասեր այն գործարարներն ու բարերարները, որոնք առաջինը բարձրաձայնեցին իրենց բողոքն ու կոչը:
Անվիճելի է, որ մեր հայ գործարարներից ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից շատերը պակաս հայրենասեր չեն, քան Հայաստանի անվանի դասախոսներն ու հանրահայտ բժիշկները, հայտնի փաստաբաններն ու փորձված դիվանագետները, քան` մշակույթի ականավոր գործիչներն ու քաղաքագետները, քան` վաստակաշատ պահեստազորի սպաներն ու այս օրերին Հայաստանի պետական սահմանը փաստացի պաշտպանող մեր հայ հողի մշակները...
Հայ գործարարներն ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչները նույնպես` չպետք է թույլ տան, որ հայ ազգի թափված արյամբ ոտքի կանգնած երկիրն ու անասելի ջանքերով վերականգնված տնտեսությունը գնան անփառունակ կործանման:
Հարգելիներս,
մի լսեք նրանց, ովքեր Մարքսի «Կապիտալն ազգություն չունի...» արտահայտությունն ընկալել են տառացի և ուղղակի:
Այդ սակավաթիվները չգիտեն, թե ինչ իրական իմաստ ունի այդ արտահայտությունը:
Այդպիսիների «ոտքերը չեն խրված իրենց հողում»:
Այդպիսիները չունեն Հայրենիք:
Իսկ մենք` ունենք...
Մի' լսեք, մի' հետևեք, մի' ենթարկվեք նրանց...
Եվ հիշե'ք`
եթե կապիտալի տերն ունի ազգային պատկանելիություն, ապա կապիտալն ունի ոչ միայն ազգություն, այլև ունի Հայրենիք:
Մասնակցե'ք Հայրենիքի փրկության գործին:
Հաշվի առեք, որ սա այլևս դասական քաղաքական պայքար չէ, սա ընդդիմության դասական քաղաքական պայքար չէ` սա իշխանության համար պայքար չէ:
Սա «Հայ» տեսակի գոյապայքարն է:
Դուք հայ եք...
Մի լռե'ք...
Գործե'ք...
Դուք շատ բան կարող ե'ք անել...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը