«Այլընտանքային նախագծեր» խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը։
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․
«Առաջիկա կառավարությունն ունենալու է երկու հիմնական առաքելություն՝ կայունացնել հետպատերազմյան քաղաքական վիճակը երկրում և պատրաստել հասարակությանը արտահերթ ընտրությունների: Կարևորագույն խնդիրներից է լինելու՝ կասեցնել պետության հետագա քայքայումը, ինչպես նաև՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականութունը և սահմանների անվտանգությունը: Աներկբա է՝ պետք է լինեն հանդարտ, արդար և ազնիվ արտահերթ ընտրություններ։
Հիմնական սպառվող ռեսուրսը ժամանակն է, հիմնական գործոնը՝ հանրային սպասումները, հիմնական պայմանը՝ քաղաքական համաձայնությունը, աշխատանքի հիմնական մեխանիզմը՝ երկխոսությունն ու փոխգործակցությունը, հաջողության հիմնական երաշխիքը՝ պրոֆեսիոնալիզմն ու կառավարության անդամների թիմային աշխատանքը, հիմնական ռիսկը՝ արտաքին, աշխարհաքաղաքական գործոնները։ Առաջիկա պատմական փուլում կառավարության անդամներն ունենալու են միայն պատասխանատվության մեծ բեռ, ծանր պարտականություններ և մեծ խնդիրներ։ Այսպիսով.
1. Անցումային կառավարությունը ստեղծվում է քաղաքական նպատակահարմարությունից և օբյեկտիվ պատմական անհրաժեշտությունից։ Այդուհանդերձ՝ այն պետք է լինի նոր վարչապետի կառավարությունը, որտեղ նա հանդիսանում է առաջնորդ՝ ընդգծված հարգանքով և պատկառանքով։ Առաջարկվող ձևաչափը հնարավորություն կտա նոր լիդերի միջոցով ապահովել կայուն քաղաքական երկխոսություն և համագործակցություն հիմնական քաղաքական դերակատարների միջև, ինչպես նաև՝ խորհրդարանական մեծամասնության հետ։ Դա թույլ կտա երաշխավորել հավասար և արդար պայմաններ՝ գալիք ընտրություններում։ Լիդերի պարտավորությունն է՝ աշխատել ոչ միայն նրանց հետ, ովքեր իրեն առաջադրել են, այլև՝ նրանց, ովքեր չեն մասնակցել այդ պրոցեսին։ Վարչապետը պատասխանատու է իր թիմի աշխատանքի որակի համար։
- Իշխանությունը կարող է լինել սոլիդ, իսկ դրա գործունեության որակը՝ բարձր
- Պետությունում պետք է գործեն ոչ թե առանձին անհատները կամ ազդեցության ոչ ֆորմալ խմբերը, այլ՝ սահմանադրական ինստիտուտներն ու մարմինները
- Այդ ինստիտուտների միջև փոխհարաբերությունները որոշվում են ոչ թե միջանձնային հարաբերությունների ընթացիկ կոնյունկտուրայով և մարդկային գործոնով, այլ առավելապես՝ այդ ինստիտուտների գործառույթներով և իրավասություններով
- Պետական գործիչներն իրենց աշխատանքով ստեղծում են նախապայմաններ՝ պետական ինստիտուտների հանդեպ ընդհանուր հարգալից վերաբերմունքի համար
- Պետական ինստիտուտների աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում խուսափել հովանավորչությունից, կոռուպցիայից ու իշխանության չարաշահումից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը