Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։
Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:
Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:
Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում:
ԱԻ պետական ծառայությունը բանակցող կողմ չի հանդիսանում: Արցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերում: Բացի այդ, ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ զինծառայողների մասին փաստացի տեղեկություններ են հավաքվում, քարտեզագրվում և փոխանցվում բանակցող կողմերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը