01 12 2020

Հանքարդյունաբերության ոլորտին պետք է տրվի ռազմավարական նշանակություն. հայտարարություն

Հանքարդյունաբերության ոլորտին պետք է տրվի ռազմավարական նշանակություն. հայտարարություն

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ի հեճուկս շրջանառվող տարբեր կարծիքների, հանքարդյունաբերությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենակայուն հենասյունն` ապահովելով պետական բյուջե վճարվող հարկերի զգալի մասը:

«Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում իրար հաջորդող ցավալի իրադարձությունները (COVID-19, պատերազմ) իրենց ահռելի բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության վրա և միայն հանքարդյունաբերության շնորհիվ է, որ մինչ օրս հաջողվել է խուսափել տնտեսական լուրջ ցնցումներից:

Բայց, որքան էլ տարօրինակ է, այսօր ականատես ենք լինում, թե ինչպես պատկան մարմինների լուռ անտարբերության և անգործության պայմաններում որոշ շրջանակներ շարունակում են արժեզրկել հանքարդյունաբերության ոլորտի դերը, թիրախավորել հանքարդյունաբերական ընկերություններին, ինչպես դա անպատիժ արել են վերջին մի քանի տարիների ընթացքում: Նույնիսկ Սոտքի հանքավայրի շուրջ ստեղծված մտահոգիչ իրադարձությունները շահարկելով` փորձ է արվում նսեմացնել հանքի նշանակությունն այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի մասին է: Ավելին, հնչում են կոչեր ընդհանրապես հրաժարվելու հանքարդյունաբերությունից, ինչը միանշանակ ուղղված է մեր պետականության դեմ և նպատակ ունի ձախողելու Հայաստանում տնտեսական որևէ առաջընթաց:

Մենք սխալվելու հնարավորություն և ոչ էլ իրավունք այլևս չունենք: Հզոր հայրենիք կառուցելու համար անհրաժեշտ է ամուր տնտեսություն: Վերջին շրջանի ցավալի իրադարձություններից հետո թե' պետական, թե' քաղաքական, թե' հասարակական մակարդակներում պետք է արվեն ճիշտ հետևություններ և համապատասխան քայլեր: Հանքարդյունաբերության ոլորտին պետք է տրվի ռազմավարական նշանակություն, պետք է զարկ տրվի նոր հանքային ծրագրերի, ներգրավվեն նոր ներդրումներ, պետք է զարգացնել գործող հանքերը, կանխել ցանկացած ոտնձգություն հանքարդյունաբերական որևէ ընկերության բնականոն աշխատանքի դեմ: Բնապահպանական միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն այսօր երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, զարգացման ռելսերին դնելու միակ վստահելի երաշխիքն է:

Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ Հայաստանին պատուհասած համանման և ավելի վատթար իրավիճակներում հայտնվելուց հետո, պետություններին, որոնք ընտրել են բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհը, հաջողվել է ոչ միայն հաղթահարել ճգնաժամերը, այլև ստեղծել մրցունակ տնտեսություն և ժամանակակից սպառազինությամբ մարտունակ բանակ: Այս առումով ավելի քան ուսանելի է Գերմանիայի և Ճապոնիայի օրինակը», - ասված է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տարածած հայտարարությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ