NEWS.am-ը գրում է․
«Օրերս NEWS.am-ն անդրադարձել էր մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնած՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ և Մոսկվայի իր աղբյուրներին հղում անելովնշել, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին «դավաճան» են անվանել և մեղսակից տեղի ունեցածի մեջ։
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել էր այս տեղեկությունը՝ անվանելով դրանք իրականության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ տեղեկություններ։
Ստորև ներկայացնում ենք մի հատված վերը նշված հանդիպումից։ Համայնքի ներկայացուցիչը, դիմելով Արմեն Սարգսյանին, ասում է.
«Իմ հարցը ուզում եմ ուղղել անձամբ Ձեզ՝ կապված Ձեր աշխատանքի հետ։ Դուք ասում եք՝ 2,5 տարի գնաց «պռավալ»։ Դա նաև Ձեր մեղքն է։
2,5 տարի Հայաստանում գնում էր պառակտում, 2,5 տարի քանդում էին պետական ինստիտուտները։ Դուք լռում էիք, Դուք անգործ էիք։ Կներեք, բայց կողքից այդպես էր թվում։ Ցանկացած հայ հիմա դա իրավունք ունի Ձեզ ասելու։ Դուք չէիք պաշտպանում դատվող հերոսներին, ոչ մի անգամ չսատարեցիք մեր երկրորդ նախագահին և հերոսներին, համենայն դեպս դա չեղավ մասսայական։ Դուք ասում եք, որ չեք իմացել նման պայմանագրի ստորագրության մասին, դա նույնպես Ձեր անգործության արդյունքն է։ Դա իրականություն է, դա արդարացում չէ։ Ինչպե՞ս կարող է պետության նախագահը, որը ինքն է պարտականություն կրում Սահմանադրության և պետական տարածքների կայունության համար, ներկա դրությամբ կանգնի և նման արդարացում ման գա։ Ես հուզված եմ, որովհետև դավաճանել են իմ հայրենիքը, և Դուք մեղավոր եք, անձամբ Դուք։ Ու ես ուզում եմ տեսնել ինչպես եք Դուք գտնում Հայաստանի ապագայում Ձեր տեղը։ Ես ասեմ Ձեզ Մոսկվայի հայության մեծամասնության կարծիքը՝ Դուք այնտեղ տեղ չունեք»։
Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու շրջակայքում։ Նախ, բոլոր հայտնի խոշոր հայազգի գործարարները և ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել, հանդիպել նախագահի հետ, հանդիպմանը եկել է առավելագույնը 20-30 հոգի: Ներս մտնելիս դրսում կանգնած հայերը գոռացել են «Դավաճան», ըստ էության հանդիպումը չսկսած ձևավորվել է լարված մթնոլորտ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը