27 11 2020

Համատարած անտերություն. Լիա Իվանյան

Համատարած անտերություն. Լիա Իվանյան

Panorama.am-ը գրում է․

Նոյեմբերի  10-ի կապիտուլյացիոն  փաստաթղթի հանրայնացումից հետո ջարդված ենք ու դավաճանված։  Ուշքի չենք գալիս Եռաբլուրը  մեծացրած նահատակների շիրիմների պատկերներից։ Անզոր չարությունից տեղ չենք գտնում՝ թշնամուն նվիրած Արցախի համայնքներում իրենց  տներն այրող ու կրկին փախստական դարձած մարդկանց պատմություններից։ Ապարդյուն պահանջում ենք մեկի հրաժարականը, ում տեղը միայն ռազմական տրիբունալն է։ 

Միայն աբսուրդի թատրոնում երկիրը ծախած մարդը կշարունակեր աթոռից կառչած մնալ՝  դիրքավորելով իրեն  որպես ժողովրդի սիրելի․․․ Բայց  սա առանձին թեմա է, պարզապես  սույն արարածի վարչապետի պաշտոնում մնալու  ամեն օրը պետության ողնաշարին հասցված հարված է։
Վկա՝  նոյեմբերի 26-ը,  երբ ադրբեջանցիներն անարգել  մտան Հայաստանի սահմանում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի  տարածք։ Ի՞նչ իմանանք, թե այդ չարաբաստիկ փաստաթղթի տողատակերում դա ֆիքսված չէր, և  դեռ ի՞նչ տարածքային անակնկալներն են մեզ սպասում։ Միջադեպի շարունակությունն ավելի տարօրինակ էր՝ ռուսներն ու ադրբեջանցիները գծում են Հայաստանի Հանրապետության  սահմանները․․․

Աո՜ւ, հիմա մենք պետություն ունե՞նք, թե չէ,  սահմանապահներ, ԱԱԾ, ԱԳՆ, ՊՆ, նախագահ կամ վարչապետ։ Չունե՛նք, պետությունն անտեր է։

Մինչ Սոթքի դեպքը անտերության զգացողությունը  տանջում էր անհետ կորածների և ռազմագերիների մասով։ Ոչ ոք չի հարկ եղած ձևով չի զբաղվում  նրանց գտնելու և   հայրենիք վերադարձնելու հարցերով։ Անհետ կորածների ծնողներին գերատեսչությունից գերատեսչություն տանել-բերելուց և երկու հանդիպումով նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելուց հետո աթոռասերն արդեն նրանց միջով ավտոշարասյունն է հրամայում քշել․․․ որովհետև հասկացավ, որ  ոչ ոք այլևս չի հավատում իրեն։   Ինչ աստիճան պետք է արժեզրկված լինի ՀՀ ղեկավար աշխատողը, որ անհետ կորածների հարազատները օգնության խնդրանքով դիմեն ՌԴ նախագահին։

Լուրերն են շրջանառվում, որ հաղթանակի շքերթին ադրբեջանցիները պատրաստվում են հայ ռազմագերիներին քայլեցնել․․․ ո՞նց ենք մարսելու էդ նվաստացումը։ Թշնամին հապճեպ իրականցնում է կետ  առ կետ նախապատրաստած հակահայկական ծրագրերը, իսկ մեր իրավաբաններին  երկուսուկես տարի շեղել էին  սարքած քրեական գործերով և  բերման ենթարկված հարյուրավորներին ոստիկանության բաժիններից հանելով։ Ադրբեջանական հակաքարոզչության համար ստեղծված ՊՈԱԿ-ը իշխանազավթման առաջին իսկ օրերից վերածվեց ընդդիմախոսներին հայհոյող ֆեյք-ֆաբրիկայի։ Հայաստանի ազգային անվտանգությունն  այլևս ոչ մի գաղտնիք չուներ այն օրվանից, երբ պետության բանալին հայտնվեց  օտարի շահերը սպասարկողի ձեռքին, ով էլ նախկին-ներկա, սև-սպիտակով ջլատեց ազգի ներուժը։  Մի՞թե պարզ չէր, որ հենց այսպիսին  էր լինելու արդյունքը։

Հիմա հասել ենք մի հանգրվանի, որ պիտի ընտրենք մեր ապագան՝ շարունակո՞ւմ ենք հանդուրժել հայրենադավներին  և վերջնականապես կորցնել Հայաստանը, թե՞ կարողանում ենք հեռացնել նրանց և պետության ղեկը հանձնել ուժերի կամ անհատների, ովքեր ունակ կլինեն կանգնեցնել գահավիժումը։

Եվ բնավ էլ էական չէ, թե ինչ կկոչվեն՝ փրկության  թե ազգային համաձայնության կոմիտե, ինչ ճանապարհով կստանձնեն իշխանությունը, զոմբիներն ինչ վայնասուն կբարձրացնեն  կամ միջազգային հանրությունն  ինչպես կարձագանքի  (տեսանք այդ հանրության իրական դեմքը 44 օր տևած պատերազմի ընթացքում), քանի որ պետության փրկության հարցն է օրհասական։ Պետք է վերջ տրվի այս համատարած անտերությանը և երկիրը վերադարձվի բնականոն հուն։ Երկրին հիմա սրտացավ տեր է պետք, որպեսզի պրոֆեսիանալ ազգասերներով համալրված թիմով ոլորտ առ ոլորտ  վերականգնեն այս անփառունակ հայրենադավների կործանարար գործունեության հետևանքները։ Արցախի մեծ մասը  կորցրեցինք, և չունենք ոչ մի երաշխիք, որ սրանց իշխանության շարունակումը  չի վտանգի նաև Հայաստանի Հանրապետության ամբողջականությանը, ավելին՝  հետագա գոյությանը։

Այս հանգրվանում, մեծ հաշվով, ընտրության հարց էլ չկա, քանի որ միանշանակ է, որ սրանք պետք է հեռանան և գան ուժեր, ում համար Հայաստանը սոսկ աշխարհագրական տարածք չէ, այլ անսակարկելի  Հայրենիք։  Հինգ հազար տարի տարբեր փորձությունների միջով նրա համար չենք անցել, որ   հիմա աչքներս բաց կուլ գնանք թուրքական «Ալթայ» ծրագրերին և դրանք իրականցնող դավաճաններին։

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ