«Կոնսիլիում» առողջապահական հասարակական կազմակերպությունը հրապարակել է ՀՀ կառավարության հրաժարականի կոչ-պահանջը:
«Վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները թողել են իրենց աղետալի հետևանքները ոչ միայն առողջապահության ոլորտի, այլ նաև մեր պետության հիմքերի վրա: Դա այլևս եղելություն է և մենք ի զորու չենք փոխել անցյալը:
Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության, ինչպես նաև նրանց կողմից ստորագրած պարտվողական փաստաթղթի ստվերը ամենուր ուղեկցելու է մեզ դեռ երկար տարիներ: Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և երբեմն անդառնալի հետևանքների պատճառ դարձան: Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների անթերի իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ բուժաշխատողների հետ խոսում էին շանտաժի լեզվով, մենք լռեցինք, երբ մեր աչքերի առջև տապալվում է կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն ինչի մասին այլևս լռելը անհնար է:
Այսպիսով, հաշվի առնելով հետևյալ փաստերը՝
Պատերազմական ծանր օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների կողմից ներկայացվել են առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված: Պատերազմը բերեց մեր հայրենակիցների անդառնալի և ծանր կորուստներն, Արցախի մեծ մասի կորստի բազմաթիվ ավերվածությունների և փախստականների:
Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ:Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:
Նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրել է խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ։
Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։
Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:
Օրըստօրե հասարակության մեջ խորացող անջրպետները, երկպառակությունները թշնամանքը, հուսահատությունը կարող են կործանարար լինել մեր հայրենիքի համար մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի։
Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը:
Վերը նշված իրողության պարագայում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը:
Ելնելով վերոհիշյալից պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը՝ որն իր մեջ ներառում է Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ձևավորում, որի նպատակը պետք է լինի մեղմել ճգնաժամի դրսևորումները իրավիճակի կայունացումը երկրում և պետականամետ արտաքին քաղաքականության վարումը:
Կոչով դիմում ենք նաև Ազգային ժողովի պատգամավորներին՝ հորդորելով երկիրը ցնցումներից զերծ պահել և կազմակերպել արտահերթ ընտրություններ;
Կոչն ուղղված է նաև մեր հասարակությանը՝ միավորվել պետականության գաղափարի շուրջ։
Սա է առկա ճգնաժամը հաղթահարելու և իրավիճակը փրկելու առաջին և կարևոր պայմանը», - նշված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը