21 07 2022

Հերթական անգամ պետությունը որոշեց մեկ անձից գնում կատարել

Հերթական անգամ պետությունը որոշեց մեկ անձից գնում կատարել

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին հերթական որոշումն է կայացրել:

Այս անգամ հարցը վերաբերում է Պրոբացիայի ծառայությունը էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով և ենթակառուցվածքներով զինելուն:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթների համաձայն՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից:

Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը: Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև՝

1) ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության  այլ  ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, կամ

2) շփում ունենալ որոշակի անձանց հետ, կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց:

Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում: Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1)   առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխելու մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանը.

2)  այցելելու որոշման մեջ նշված որոշակի վայրեր.

3)  հաղորդակցվելու որոշակի անձանց հետ.

4)  օրվա որոշակի ժամերին լքելու իր բնակության տարածքը, սակայն ոչ ավել, քան 12 ժամը:

ՀՀ քրեական նոր օրենսգիրքը նախատեսում է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ, որը ազատության սահմանափակումն է: Այս պատժատեսակը դատապարտյալին, առանց հասարակությունից մեկուսացնելու, տնային պայմաններում հսկողության տակ պահելու հետ կապված այլընտրանքային պատիժ է, որը կարող է կիրառվել օրենքով նախատեսված որոշակի հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվող անձանց հստակ սահմանված շրջանակի նկատմամբ։

Թե՛ նշված խափանման միջոցները, թե՛ նշված նոր պատժատեսակը օբյեկտիվորեն հնարավոր է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցների օգնությամբ, որոնք անձը կարող է կրել կամ ձեռքին, կամ ոտքին:

Մասնագիտացված կազմակերպություններից ստացված տեխնիկական բնութագրերի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից վեր հանված կարիքների հաշվառմամբ մշակվել է էլեկտրոնային հսկողության միջոցների տեխնիկական առաջադրանքը՝ հաշվի առնելով այն, որ նշված միջոցները ձեռք են բերվելու մրցութային կարգով:

Մշակված տեխնիկական առաջադրանքի հենքով 2021 թվականին հայտարարվել է պայմանով գնման մրցույթ, որի արդյունքներով 2021 թվականին հաղթող մասնակից չի ճանաչվել, այնուհետև 2022 թվականին հայտարարվել է երկրորդ մրցույթը, որի արդյունքներով առկա է հաղթող ճանաչված մասնակից՝ «ENIGMA information protection Systems Ltd.» ՍՊԸ-ն:

Հարկ է արձանագրել, որ գնման հայտով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրոնային հսկողության համակարգ, որը բաղկացած է.

Էլեկտրոնային հսկողության շղթայից (200 միավոր),

Ներտնային վերահսկման սարքից (150 միավոր),

Կառավարման ծրագրային համակարգից,

Սերվերային համալիրից։

Հատկանշական է, որ ՀՀ արդարադատության նախարարությանն էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման նպատակով անհրաժեշտ են շուրջ 250 միավոր սիմ-քարտեր (200-ը փաստացի կիրառվելու են, իսկ 50-ը նախատեսված են արտադրական գործընթացում տեղադրման ընթացքում հնարավոր վնասման դեպքում փոխարինելու համար):

Անհրաժեշտ է նաև, որ սիմ-քարտերն ունենան զանգ կամ նամակ ստանալու հնարավորություն և կապը անխափան լինի ՀՀ ամբողջ տարածքում:

Գործընթացի մեխն այն է, որ սիմ-քարտերը Հայաստանից պետք է ուղարկվեն Լեհաստան, որտեղ հաղթող ճանաչված լեհական կազմակերպությունն արտադրական պրոցեսում դրանք զմռսելու է 200 միավոր շղթայի մեջ, այլ կերպ Հայաստանում դրանք այլ օպերատորի քարտով փոխելու կամ նոր քարտ տեղադրելու հնարավորություն առկա չէ:

Բացի այդ, գնման ընդհանուր ընթացակարգով առաջ գնալու պարագայում անհրաժեշտ կլինի շուրջ 40 օր հաղթող մասնակից ճանաչելու համար՝ չհաշված սիմ-քարտերը Հայաստանի Հանրապետությունից Լեհաստանի Հանրապետություն ուղարկելու ժամանակահատվածն այն պայմաններում, երբ համաձայնագրի կնքման պահից հաղթող ճանաչված մասնակիցը պարտավորված է էլեկտրոնային հսկողության սարքավորումների համալիրը 60 օրյա ժամկետում մատակարարել Հայաստան:

Առկա է իրավիճակ, երբ սիմ քարտերի ձեռքբերումը մեկ անձից գնման ընթացակարգով չիրականացնելու պարագայում կստեղծվի խնդրահարույց իրավիճակ պետության պոզիտիվ պարտավորությունների չկատարման ասպեկտից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է անհետաձգելի համարել Համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ սիմ քարտերի և դրանց սպասարկման գնման կարիքը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի հետ կնքել 200 միավոր սիմ-քարտի 4 ամսվա սպասարկման պայմանագիր` 2022 թվականի սեպտեմբեր ամսից մինչև տարեվերջ: Ըստ գնառաջարկի ստացվում է հետևյալ պատկերը.

Մեկ քարտի ամսական սպասարկման վճար՝ 250 ՀՀ դրամ.

200 քարտի ամսական սպասարկման վճար՝ 50.000 ՀՀ դրամ.

200 քարտի 4 ամսվա սպասարկման վճար՝ 200.000 ՀՀ դրամ:

Այլ կերպ՝ 4 ամսվա սպասարկման պայմանագիրը կարժենա 200.000 ՀՀ դրամ (քարտերը տրամադրվելու են անվճար):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ