Panorama.am-ը գրում է․
«Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի բնակիչների երեկ երեկոյան լուր են տվել՝ մեկ օր է մնացել ունեցածը տարհանելու համար։
Շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը, որ այս օրերին ապաստանել էր Արտաշատում ապրող բարեկամների տանը, այս պահին շտապում է Արցախ՝ հասկանալու, թե ինչ փոխվեց «տուն վերադառնալու» ու «տներն արագ լքելու» հայտարարությունների միջև ընկած հատվածում։
«Գյուղապետը զանգել է, ասել է, տարհանում է, եկեք, ինչ ունեք, չունեք, հանեք։ Միայն Հովտաշենը չէ, նույն վիճակում են Կարմիրավանը, Նոր Մարաղան, Նոր Այգեստանը, Նոր Սեյսուլանը։ Այս շրջաններն ինչ-որ ժամանակ Աղդամին են պատկանելուց եղել, դրա համար տարհանում են, բայց մինչև էդ ասում էին՝ հանգիստ, հետ եկեք։ Երեկ մեր գյուղ կանայք են տեղափոխվել երեխաների հետ, որպեսզի ապրեն։ Հասել են տեղ, երեկ ժամը վեց անց կես վարչակազմից զանգել են գյուղապետին, ասել են, որ գյուղը պետք է ազատվի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իր տուն շտապող Էդգար Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ստորագրած հողերը հանձնելու մասին հայտարարության համաձայն, Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև նոյեմբերի 20-ը:
Տուն ու տեղը կորցնելու լուրը ստացած մարդիկ ոչ պետությունից, ոչ ՏԻՄ-ից, ոչ էլ որևէ մեկից աջակցություն չեն ստացել։ Յուրաքանչյուրն իր ապրուստը թուրքին չթողնելու համար ծանթոներին, բարեկամներին, բարի ու պատրաստակամ անծանոթներին է դիմում, օգնություն խնդրում։
Ռազմական դրության ժամանակահատվածում էլ պետական մարմնինների թեժ գծերին ուղղված զանգերն անպատասխան են մնում։
«Պաշտպանության թեժ գծի համարը, վարչապետի թեժ գծի համարը և այդպես շարունակ, չեն պատասխանում»,- ասում է արցախցի տղամարդը։
Էդգարը մի կազմակերպության է դիմել, խոստացել են օգնել, մեքենա տրամադրել՝ ունեցածը տեղափոխելու համար։ Համագյուղացիներից ու հարազատներից տեղյակ չէ, թե ով ոնց է լուծելու խնդիրը։ Թե որտեղ են տեղափոխելու, հստակ չգիտեն, բարեկամները կօգնեն։
«Մեզ ոչ մի բան ռեալ չեն ասում։ Մեկ ասում են՝ վերադարձեք, մեկ էլ ասում են, դուրս եկեք։ Վեշ ունենք, անասուն ունենք, գնանք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Գյուղում տարեց մարդիկ կան, իրենք ի՞նչ են անելու, էսօր ամեն մարդ փորձում է իր գլուխը փրկել։ 25 տարի մարդիկ չարչարանքով տուն են սարքել։ Հինգ տարի մթության մեջ ենք ապրել, մոմի լույսի տակ ենք տուն-տեղ սարքել, մինչև հոսանք են քաշել։ Խոսքեր չկան ասելու, ոչ մեկս չգիտենք, թե ինչ է գալու մեր գլխին»,- ասում է Էդգարը։
Հովտաշենում 75-80 տնտեսություն կա։ Գյուղապետ Հովիկ Շեկյանն էլ լուրը լսելուց անկակնկալի է եկել, իրենց ասել էին՝ գյուղը հանձնված տարածքների թվում չէ։ Երեկ շրջանի ղեկավարն է զանգել, ասել է՝ վատ լուր ունի ու մեկ օր։
«Նուռն ու կառալյոկը մնացել են ծառերին։ Բերի հողեր ունենք, աշխատող ժողովուրդ, պետությունն էլ օգնում էր։ Հիմա նայում եմ տանս, ի՞նչ տանեմ, ո՞րը տանեմ։ Չգիտեն, ինչը տանենք, ինչը թողնեն, փորձում ենք բոլորին էլ ձեռք մեկնել, մարդ կա էս պահին էլ առաջնագծում կանգնած է»,- Panorama.am-ի հեռախոսազրույցում ասում է Շեկյանն ու խնդրում, իրեն հեռուստացույցով ցույց չտալ, մի բան կանեն, չեն մեռնի։
Գյուղացիների մի մասը կգնա Հայաստան, մի մասը՝ Արցախի բնակավայրեր, այստեղ էլ հեռանալուց առաջ մտադիր են այրել տները։
«Բայց իմ տունը նորակառույց տուն է, ո՞նց վառեմ։ Ի՞նչ ասեմ, կդիմանանք էլի»,- ասում է գյուղապետն ու շտապում իրերը հավաքել, նոյեմբերի 20-ին բան չի մնացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը