Կարելի՞ էր այսօր սրանից խուսափել, իհարկե, կարելի էր։ «Ասվում էր, որ անմիջապես պետք է դադարեցվեր կրակը և ՌԴ Պետական դումայի պատգամավորները պատրաստ են մի քանի ժամվա ընթացքում ժամանել Երևան, Երևանից Ստեփանակերտ և հետո Բաքու։ Ինձ զանգ տվեց իմ գործընկեր Կալաշնիկովը և ասաց՝ ես պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ այս փաստաթղթի և մեր մտադրության մասին, ասացի՝ իսկ ի՞նչ եք անելու, պատասխանեց, որ ինքն ամենաբարձրագույն մանդատն ունի, կգան այստեղ և կնստեն բանակցությունների ու կդադարեցնեն կրակը։ Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու շարունակեց, թե մի փաստաթուղթ է հրապարակում, որը սեպտեմբերի 29-ին իրեն է ուղարկել Ռուսաստանի Պետական դումայի նախագահն ու մեկ այլ պատգամավոր։
«Առայժմ խաղաղապահների մասին խոսք չկար, խոսքը ռազմական դիտորդների մասին է եղել։ Ես սրա մասին զեկուցել եմ, բայց ոչ մի արձագանք, ընդամենը՝ արհամարհանք, հիմա սրա անունն ի՞նչ դնենք»,- ասաց Մելքումայնը:
ԲՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով այս օրերին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններին, դիմեց իրավապահ մարմինների ղեկավարներին և կոչ արեց միանալ ժողովրդին։
«Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող»,- շեշտեց նա։
Միքայել Մելքումյանը հայտարարեց՝ «խաղաղապահ պետք է լինի, բայց դրա մտնելուց հետո ճիշտ բանակցություններ վարել է պետք, որպեսզի շահեկան դուրս գանք այս վիճակից, իսկ դրա համար պետք են նոր իշխանություններ, որոնք նոր բանակցություններ կվարեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը