09 11 2020

Ռուսական ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

Ռուսական ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 6-ից 8-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 24 հոդված, որից 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 10-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 3-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 33 հոդված, որից 9-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 11-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 11 նյութից 8-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 78 հոդված, որից 26-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 44-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 4-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 43 հոդված, որից 15-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 21-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7-ն էլ՝ չեզոք բնույթի:

«Ռեգնում»-ը հրապարակել է 45 հոդված, որից 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 16-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 16 նյութից 9-ը՝ չեզոք, 5-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

Աբխազիայի նախագահի միջազգային կապերի գծով օգնական Ախրա Ավիձբան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ աբխազական կամավորների առաջին խումբը մեկնել է ԼՂՀ: «Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանելու իր հայրենիքը»,- գրել Է Աբխազիայի նախագահի օգնականը։

System of a Down-ի երաժիշտները վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր են թողարկել, որոնք յուրահատուկ անդրադարձ են Արցախյան հակամարտությանը: Սերժ Թանկյանի խոսքով՝ իրենք ցանկացել են արտահայտվել այն մասին, որ «Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի ներկայիս կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանն իրենցը հայտարարել, այլև անպատիժ կատարում են ցեղասպանության գործողություններ։ Մենք այստեղ ենք պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր մշակույթը, և պաշտպանելու մեր ազգը: Հիմա աչքերը փակելու ժամանակը չէ»։ Թանկյանը նշել է, որ նոր երգերի շնորհիվ ստացված միջոցները կուղղվեն Արցախում հակամարտության հետևանքով տուժածներին:

Ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հերքել է Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի առանցքային քաղաքը՝ Շուշին գրավելու մասին: Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, սա առաջին դեպքը չէ, երբ ռուս ռազմական լրագրողները հերքում են Ալիևի հայտարարությունները Ղարաբաղի ռազմավարական կարևոր բնակավայրերը գրավելու մասին:

Վերլուծականներից մեկում նշված է, որ Ֆրանսիական L’Opinion պարբերականի կանխատեսումը, որը դեռ մեկ տարի առաջ պնդում էր, թե «Եվրոպայում ստեղծված թուրքական բացասական քաղաքական իմիջը Ադրբեջան կտեղափոխվի», իսկ Բաքուն «կընկալվի ընդամենը որպես մահմեդական թյուրքական պետություններից մեկի մայրաքաղաք, որը ոչ մի առնչություն չունի եվրոպական ինքնության հետ», իրականանում է: Հոդվածի հեղինակը սա համարում է ադրբեջանական դիվանագիտության ևս մեկ լուրջ սխալի հետևանք։ «Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա, հաշվի առնելով նրա բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրածովյան խնդիրների պատճառով, նա կարող է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, ճիշտ այնպես, ինչպես Սիրիայում հանդես է գալիս քրդերին պետականություն շնորհելու օգտին», — գրված է վերլուծականում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ