04 11 2020

Ադրբեջանը այրում է Արծվաբերդի անտառները. Yerkir.am



Yerkir.am-ը գրում է․ «Ավելի քան 30 հեկտար անտառ են հրդեհել ադրբեջանցիները՝ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի տարածքում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արծվաբերդի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ զինվորական դիրքերի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է իրականում տեղի ունեցել․ ադրբեջանցիները սարի գագաթից՝ իրենց դիրքերից, ավտոմեքենաների անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել Հայաստանի սահմանից ներս՝ անտառի միջով դեպի գյուղի ջրամբարը, որը տեղացիները կոչում են «Ծիլի ծով», իսկ պաշտոնական անվանումը Խնձորուտի ջրամբար է։

«Մենք էլ գյուղում ծխի մեջ խեղդվում ենք, ամբողջ ծուխը տարածվել է գյուղով մեկ։ Ադրբեջանցիների գլորած անվադողերից անտառը վառվել է ու ծխեցնելով իջել ներքև։ Իրենք երևի տենց են անում, որ մարդիկ հավաքվեն, սկսեն հանգցնել կրակը, որ տեսնեն՝ հավաքված են, հրթիռ կամ արկ գցեն, սպանեն։ Բացի այդ, անտառներն օգնում են սահմանապահներին ու կամավորական ջոկատներին՝ ավելի արդյունավետ պահել սահմանը»,-ասաց տեղի բնակչուհի Աննա Մելքումյանը։

Որևէ մարդ այս պահին  չի տուժել։ Գյուղացիները չեն բացառում, որ ադրբեջանցիները փորձում են վնասել նաև ջրամբարը, որը ջուր է մատակարարում է շրջակա գյուղերին։ Այդ անտառներում նաև մոտակա գյուղերի մեղվի փեթակներն են դրված։ Այս պահին ջրամբարն ու փեթակներն անվնաս են։

ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Նորայր Պապյանը Yerkir.am-ին ասաց՝ սահմանին հարակից մի հսկայական տարածք այրվել է՝ մի ամբողջ անտառպետություն։

«Հրշեջ մեքենաներ ընդհանրապես չեն կարողացել մոտենալ, ադրբեջանցիները այնտեղից կրակում են, ոտքով մի 20-30 կմ բարձրացել ենք, որ թաքնվելով հանգցնենք։ Խոտածածկը չոր է ամբողջությամբ, մինչև 40 սմ հաստությամբ չորացած տերևներ են թափված, դե պատկերացրեք՝ մի սիգարետից էլ կբռնկվեր անտառը, բայց վառած անվադողեր են գլորել։ Մեր աշխատակիցների մի մասն էլ կամավորագրված է, այնպես որ Արծվաբերդի բնակչությունն էլ միացավ մեզ, որ հանգցնենք, որովհետև անվտանգության հարց էլ կար, որ գյուղ չմտնի այդ ամբողջ կրակը»․-ասաց նորայր Պապյանը։

Անտառտնտեսության ինժեներ Յուրա Զարգարյանը ևս մասնակցել է հրդեհաշիջմանը։ Նա ևս  փաստեց, որ ադրբեջանցիների սահմանային հենակետերից մի 500 մ հեռավորությամբ են աշխատել։

«Ցրված ենք աշխատել, ծառերի հետևը թաքնվելով, որ չնկատեն։ Բայց Աստված մեր կողմից էր, անձրև եկավ ու մենք փրկվեցինք։ Հա, մենակ անձրևը փրկեց, թե չէ՝ մեծ ծավալ էր ընդգրկելու, ծանր վիճակ էր լինելու»,-վստահեցրեց Յուրա Զարգարյանը։

Նա ևս համոզված է, որ ադրբեջանցիները միտումնավոր են այրել անտառը, մտածված, քանի որ դիրքերի տեսախցիկները արձանագրել են նրանց գործողությունները։

Զավեշտն այն է, որ ադրբեջանցիները այրել են անտառը հայկական կողմին վնաս տալու համար, բայց կրակը տարածվել է նաև դեպի ադրբեջանական կողմ՝ նրանց գյուղն էլ է այրվել, նրանց ժողովուրդն էլ է աղմուկ բարձրացրել։

Նորայր Պապյանն ասաց՝ հիմնականում չոր խաշամն է վառվել, կանգուն  ծառերին գրեթե վնաս չի հասցվել, շուտ կանխել են։

Արծվաբերդցիներն ասում են՝ մի անհանգստացեք, ամուր կանգնած ենք, բոլոր դժվարություններին էլ արդեն սովոր ենք։ Բայց ադրբեջանցիների ձեռագիրը, որով Արցախում էլ անտառները այրում են անգամ ֆոսֆորային արգելված զինատեսակներով, լավատեսության տեղ չի թողնում։

Աննա Բալյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ