Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները պահանջել են դադարեցնել կոծկել նավթով հարստացած բռնապետության ռազմական հանցագործությունները Արցախում և Հայաստանում խաղաղ բնակիչների դեմ: Հավաքվածները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված են եղել՝ «BGR-ը ֆինանսավորում է պատերազմական հանցագործությունները», «Կանգնեցրեք Ալիևի ռեժիմին», ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները: «BGR Group»- ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանը ՝ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ Ալիևի ռազմական հանցագործությունները կոծկելու նպատակով տարածելով կեղծիքներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը