22։30
Բերձորի ուղղությամբ, 3 թևերով հակառակորդի ստորաբաժանումները ետ են շպրտվել, թողնելով 50-100 դի
22:00
Ստեփանակերտում խոցվել է ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն․ ՊՆ
18։15
Գրավել են բարձունքը, խոցել 2 տանկ, առգրավել զրահափոխադրիչ. նորօրյա հերոսները
11:44
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը: ՄԻՊ-ը նշում է, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ:
«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին»,-գրել է Բեգլարյանն ու կից համապատասխան լուսանկարներ հրապարակել:
11:39
Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը:
Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի, և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։
Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։
«Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում:
10:48
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։
Հիշեցնենք, որ առավոտյան Ստեփանակերտը ևս հրթիռակոծվել է, կան ավերածություններ։
10:20
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
09:56
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել։
Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից։
09:45
Այսօր՝ առավոտյան ժամը 7:08-ին, Ստեփանակերտում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ քաղաքի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:
Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:
09:38
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:
Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
09:19
Ադրբեջանական «Hərbi Xəbərlər və Məlumatlar» ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Այդ մասին Twitter-ում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանական «Hərbi Xəbərlər və Məlumatlar» ֆեյսբուքյան օգտահաշիվը, որն կապված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի (Լաչին) հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա ամբողջությամբ կեղծ է եւ կարող է այս հիվանդանոցին եւս հարվածելու նախապատրաստություն լինել»,- գրել է Բեգլարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը