15 10 2020

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը՝ արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը՝ արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 14-ին հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել  է 1 ծավալուն hոդված, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանն ուղղված ուղերձին՝ մեջբերելով ելույթից հատվածներ։ Հոդվածում նշվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական գործողությունների վերսկսումից հետո  առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։

CNN լրատվական գործակալությունը հոկտեմբերի 14-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակել է 1 հոդված՝ «Հակամարտություն, որը չենք կարող անտեսել» վերտառությամբ, որը եզրափակվում է հետևյալ մտքով․ «Լեռնային Ղարաբաղի եռացող հակամարտությունը վտանգում է դառնալ այնպիսի բռնկում, որը չունի լուծում և, ինչպես վիրուսը, կարող է արագ տարածվել ամբողջ աշխարհում ՝ ունենալով մահացու հետևանքներ»:

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 15 հոդված։ Լրատվամիջոցը մեջբերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն միտքը, որ Ռուսաստանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը։ Գործակալությունն իր հոդվածներից մեկում նշել է նաև, որ մինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը թուրքական զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 հոդված։ Գործակալությունն իր ծավալուն հոդվածում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտերը մահացու էսկալացիայի վտանգ են առաջացնում։

Deutsche Welle լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 1 հոդված, որում փաստել է, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է հայկական մարտական տեխնիկա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ