«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 10-ից 12-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW) լրատվական գործակալությունների կայքերը։
BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 5 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձել է հակամարտող կողմերի դիրքորոշումներին: BBC-ն պատրաստել է հատուկ ռեպորտաժ, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի տակ են հայտնվել եկեղեցիները և խաղաղ բնակչությունը։ Ռեպորտաժում, մասնավորապես, ասված է․ «Սա կրոնական պատերազմ չէ, բայց շատ հայեր պատսպարվում են եկեղեցիներում ՝ վախենալով, որ կարող են գնդակոծության ենթարկվել»:
CNN լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 ծավալուն հոդված, որոնցում պահված է հավասարակշռությունը։ Գործակալության վերլուծականներից մեկում ծավալուն անդրադարձ կա Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Վերլուծականում ամփոփված է այն միտքը, որ «Թուրքիայի ռազմատենչ արտաքին քաղաքականությունը շուտով կարող է փակուղի մտնել»։
Reuters լրատվական գործակալությունը, շարունակում է մնալ Արցախյան հակամարտությունն ամենաակտիվ լուսաբանած միջազգային լրատվականներից մեկը։ Այն նշված ժամանակահատվածում հրապարակել է 14 հոդված։ Հոդվածներից մեկում նշվում է․ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին մեղադրում է այն բանում, որ վերջինս զինադադար հաստատելուն միտված բանակցություններն օգտագործում է նոր ռազմական գործողություններ նախաձեռնելու համար»։
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 հոդված։ Գործակալությունն իր ծավալուն հոդվածներում ներկայացրել է կողմերի պնդումները, ինչպես նաև հրադադարը խախտելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքները։ Հոդվածներից մեկը վերաբերում է Լոս Անջելեսի հայության կողմից կազմակերպված բազմահազարանոց ցույցին, որի մասնակիցները դատապարտում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ։
Deutsche Welle լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 8 հոդված: Գերմանական լրատվամիջոցն իր հրապարակումներում անդրադարձել է հրադադարը խախտելու վերաբերյալ կողմերի փոխադարձ մեղադրանքներին, ինչպես նաև Թուրքիայի պահանջներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը