Առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողություններն ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով եւ ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Հայկական Զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա եւ այլ միջոցներ՝ հակառակորդի հետ շպրտելով ելման բնագծերը։ Նման մանր փորձեր կատարվել են նաեւ այլ ուղղություններում։ Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր եւ անցնող ողջ գիշերը, որին ականատես է եղել նաեւ ինքը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը, Շուշին եւ այլ քաղաքներ։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ռմբակոծությունների հետևանքով կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթեւ կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր, կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում զոհված 1 քաղաքացին։
«Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային եւ արտադրական օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա եւ այսօրվա ցուցանիշները»,- ասաց Հովհաննիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը