08 10 2020

Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները․ Պարգև Սրբազան

Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները․ Պարգև Սրբազան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:

«Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները»,- այս մասին Պարգև Սրբազանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ