06 10 2020

Ղարաբաղյան հակամարտության գոտի հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում․ Նարիշկին

Ղարաբաղյան հակամարտության գոտի հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում․ Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն անհանգստացած է հանգամանքով, որ ԼՂ զինված հակամարտության պայմաններում Անդրկովկասը կարող է դառնալ նոր պլացդարմ ահաբեկչական կազմակերպությունների անդամների համար։

«Ղարաբաղում զինված հակամարտությունը մագնիսի պես իրեն է ձգում տարբեր ահաբեկչական կառույցների գրոհայինների»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ դա չի կարող իրենց չանհանգստացնել։

«Այստեղից գրոհայինները կարող են ներթափանցել Հայաստանին ու Ադրբեջանին հարող պետություններ, այդ թվում՝  Ռուսաստան»,- «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ ընդգծել է նա։

Նարիշկինը նշել է, որ ծառայության տվյալներով հակամարտության գոտի  ակտիվորեն բերվում են Մերձավոր Արևելքում գործող «Ալ Նուսրա», «Ֆիրկաթ ալ-Խամզա», «Սուլթան-Մուրադ» ահաբեկչական խմբավորումներից վարձկաններ, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներ։ Նա ասել է, որ  խոսքը հարյուրավոր, նույնիսկ արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է։

Նարիշկինը համոզված է, որ հակամարտող կողմերը վաղ թե ուշ կվերադառնան բանակցությունների։

«Մենք կասկած չունենք, որ միջազգային հանրության աջակցությամբ հակամարտող կողմերը կդադարեցնեն ուժի կիրառումն ու կնստեն բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի համար անթույլատրելի է տարածաշրջանում նոր պատերազմը։

Նարիշկինն ավելացրել է, որ իրենք անտարբեր չեն, երբ ռազմական գործողությունների ընթացքում զոհվում են բարեկամ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների ներկայացուցիչներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ