Արդեն իններորդ օրն է՝ Արցախում պատերազմ է։ Թշնամին թիրախավորել է ոչ միայն սահմանը, այլև քաղաքացիական բնակավայրերը՝ հրթիռակոծելով անգամ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այս օրերին Արցախը գտնվում է ինչպես միջազգային հանրության ուշադրության, այնպես էլ միջազգային լրահոսի առաջին էջերում։ Yerevan.Today-ը առանձնացրել է միջազգային լրահոսում ԼՂ հակամարտության վերաբերյալ նյութերը, որոնք ներկայացվում է՝ ըստ օրերի (նախորդ օրվա հրապարակումները՝ այստեղ)։
05․10․2020 անդրադարձը ստորև․
«Հայերը կոփված ազգ են, նրանք չեն հանձնի Արցախը»․ The Australian
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ շաբաթ բռնկված արյունալի հակամարտությունն աշխարհի մեծ տերությունները, կարծես, դեռևս չեն կարողանում կանգնեցնել, մինչդեռ Թուրքիան հրահրում է ագրեսորին՝ Ադրբեջանին, գրում է The Australian թերթը։
Մարդու իրավունքների պաշտպան, գիտնական և գրող Ջեֆրի Ռոբերտսոնն իր հոդվածում պատմական ակնարկ է ներկայացրել Արցախի Հանրապետության մասին՝ մատնանշելով երկրում լեռների մեջ խոյացող հին քրիստոնեական եկեղեցիները, որոնցից մի քանիսը թվագրվում են 10-րդ դարին, «թանգարաններում պահվող ձեռագրերը և արխիվները, որոնք վկայում են այդ բարձրադիր վայրերում հայերի մտավոր և կրոնական կյանքի մասին»։
«Անտանելի է պատկերացնել, որ Արցախը կարող է ներխուժման ենթարկվել, իսկ նրա ժողովուրդը՝ սպանվել կամ փախչել։ Սակայն հենց դա է Թուրքիայի հայտարարված նպատակը»,- գրում է հոդվածագիրը։
Ինչպես մատնանշում է Ռոբերտսոնը, չնայած Թուրքիայի ժխտողականությանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչպես նաև բրիտանական ԶԼՄ-ների վկայություններն ապացուցում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում թուրքերը հավաքագրել և վճարել են Սիրիայից գրոհայիններին, որպեսզի նրանք միանան ադրբեջանական ուժերին։
«Սա ապացուցում է այն իրողությունը, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապես ծրագրել են իրենց հարձակումը։ Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևն արդեն երկար տարիներ հարվածում է ազգայնական դհոլին՝ հայերի հանդեպ հրահրելով ռասսայական և կրոնական ատելություն և իր ժողովրդին խոստանալով երջանիկ հայրենիք Ղարաբաղում։ Հնարավոր է, որ մասամբ հենց սեփական հռետորաբանությանը հետևելու անհրաժեշտությունը ստիպեց նրան պատերազմ սկսել, հենց որ նա կարողացավ վստահ լինել Թուրքիայի կողմից աջակցության հարցում»։,-գրում է հեղինակը:
Ռոբերտսոնը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մինչ Հայաստանը համաձայնել է հետևել միջազգային հանրության կոչերին և խաղաղ բանակցություններ սկսել, Ալիևը հրաժարվում է։
«Ադրբեջանն այս առումով մեղավոր է ՄԱԿ-ի կանոնադրության խախտման համար, որն արգելում է ցանկացած «զինված հարձակում ՄԱԿ-ի անդամի վրա» ։ Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտությունը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որն այժմ լիազորված է հետաքննել ագրեսիայի հանցագործությունը, որը, ինչպես երևում է, կատարվել է Ալիևի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»,- գրում է հոդվածագիրը։
Ջեֆրի Ռոբերտսոնի վստահմամբ՝ հայերը կոփված ազգ են և կկարողանան հաղթահարել Ադրբեջանի ագրեսիան։
«Նրանք չեն հանձնի Արցախը և չպետք է դա անեն։ Ավստրալիան չպետք է տատանվի նրանց աջակցելու հարցում՝ ոչ թե հանուն քրիստոնեության, այլ հանուն ժողովրդավարության»,- եզրափակել է նա։
ԼՂ-ում Սիրիայից բերված 93 վարձկան է սպանվել, հանգստյան օրերին ուղարկվել է հավելյալ 430 մարդ. ՌԻԱ Նովոստի
Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից բերված 93 վարձկան, որից 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:
Բացի այդ, աղբյուրի հավաստմամբ, նախորդ հանգստյան օրերի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտի է ժամանել Սիրիայից վարձկանների 3-րդ խումբը:
«Ուղարկվել է 430 մարդ»,- նշել է աղբյուրը:
Սիրիական ընդդիմությունից մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ հակամարտության գոտում եղել է 322 «լավ զինված» սիրիացի վարձկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված:
Մեկշաբաթյա ականապատում․ Հայաստանն ու Ադրբեջանը 7 օրում բանակցությունների չեն հանգել․ «Իզվեստիա»
Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո մեկ շաբաթ է անցել, բայց հակամարտության էսկալացիան չի նվազեցնում շրջապտույտը։ Առայժմ կողմերից ոչ մեկը պատրստ չէ բանակցություններին, տարածաշրջան խաղաղապահների մտցնելու մասին խոսում է միայն Երևանը, նշում է «Իզվեստիան»։
Բացառված չէ, որ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան Al Jazeera հեռուստաալիքի լրագրողի հարցին՝ Հայաստանի վարչապետը կցանկանա՞ր ԼՂՀ-ում խաղապահների տեսնել, Փաշինյանը շեշտել է, որ այդպիսի հարցերը «կարող են քննարկվել ավելի լայն համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։
Առայժմ, սակայն, ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը որևէ իրական քայլ չեն կատարել առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների ուղղությամբ, ինչպես պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Իզվեստիային» ասել է, որ առայժմ վաղ է խոսել խաղապահ զորակազմ մտցնելու մասին։
«Մենք ստիպած ենք ամեն վայրկյան կասեցնել հակառակորդի հարձակումները։ Եկեք խաղաղապահների և այլ ասպեկտների մասին խոսենք այն բանից հետո, երբ կկոտրենք այդ ահաբեկչության ողնաշարը՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի»,- իր դիրքորոշումն է պարզաբանել քաղաքական գործիչը։
Քաղաքագետ Դենիս Դենիսովի կարծիքով՝ քանի դեռ հակամարտությանը երրորդ ուժ չի միջամտել, այն շարունակվելու է մինչև կողմերից մեկի հնարավոր պոտենցիալ հաղթանակ։ Առայժմ իրավիճակը քիչ է նպաստում, որ Բաքուն ու Երևանը բարի կամք դրսևորեն դադարեցնելու փոխհրաձգությունը և նստելու բանակցությունների սեղանի շուրջ։
«Մի կողմից մենք հռետորաբանություն ենք տեսնում, որը, կարծես, հակված է կառուցողական բաղադրիչին, բանակցությունների պահպանման ներուժին։ Մյուս կողմից՝ փաստերը հակառակի մասին են վկայում»,- պարզաբանել է փորձագետը։
Նրա խոսքով՝ խաղաղապահներ մտցնելը այդքան էլ պարզ մեխանիզմ չէ։ Անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, ինչպես նաև ՄԱԿ մանդատը։ Եթե խոսքը վերաբերի ՀԱՊԿ զորակազմ մտցնելուն, ապա կարող են առաջանալ բյուրոկրատական քաշքշուկներ, քանի որ կան տարբեր երկրներ, որոնք կցանկանան ճակատի գծում իրենց խաղաղապահներին տեղակայել, նշել է քաղտեխնոլոգը։
«Դա այնքան էլ արագ գործընթաց չէ․ գործունակ զորակազմ կազմավորելը կարող է տևել մեկ ամիս։ Հիմա կասկածելի է ասել, որ հնարավոր է կարճ ժամանակում ճակատի գծում տեղակայել մի քանի բրիգադ»,- շեշտել է Դենիս Դենիսովը։
Այս հարցում շտապողականությունը կարող է սաստիկ վնասել գործընթացը և հարվածի տակ դնել խաղաղապահներին իրենց, վստահ է փորձագետը։
Էրդողանի նեոօսմանիզմը և ղարաբաղյան հակամարտությունը. Eurasiareview
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը, սակայն, կապ ունի ոչ այնքահն գաղափարական մերձեցման, որքան Էրդողանի և Ալիևի՝ Ադրբեջանի վաղեմի էքսցենտրիկ բռնապետի միջև անձնական ընկերությամբ։ Լայն զանգվածների աջակցությունը չունենալով՝ Ալիևն իր պաշտոնը 2003 թվականին ժառագել է հորից և ծաղրի առարկա դարձել, երբ կնոջը նշանակեց երկրի փոխնախագահ, նշում է Eurasiareview.com-ը։
Անդրադառնալով Թուրքիայով Ադրբեջան սիրիացի գրոհայինների տեղափոխմանը՝ հեղինակը նշում է․ «Հեգնանքն այն է, որ գրոհայինների գրեթե բոլոր խմբերը, որոնք 9 տարի պայքարել են Բաշար Ասադի կառավարության դեմ, եղել են սուննի ջիհադականներ, մինչդեռ Ադրբեջանը էթնիկ թուրքական երկիր է՝ շիաների մեծամասնությամբ։ Այսպիսով՝ այս վարձկան ջիհադականները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդների միջոցով գործնականում պայքարելու են սիրիական պատերազում իրենց հիմնական մրցակիցների հետ միասին»։
«Իրանի 83 միլիոնանոց բնակչության 16 տոկոսը կազմում են ադրբեջանցիները, որոնք Սիրիայում միջնորդավորված պատերազմում ակնհայտորեն կարեկցել են իրենց հավատակիցներին։ Այդուհանդերձ, բնիկ ադրբեջանցի ժողովրդի կամքին և կրոնական զգացումներին հակառակ՝ Ալիևը իր թուրք հովանավոր Էրդողանի ցուցումով նյութական աջակցություն է ցույց տվել Սիրիայում ջիհադականներին, ինչի մասին ավելի ուշ մանրամասն կպատմեմ այս հոդվածում, բայց նախ թույլ տվեք ուշադրություն դարձնել 2016 թվականի հուլիսին տապալված հեղաշրջումից հետո Էրդողանի անձի մեծարման մոլագարությանն և միլիտարիզմին։
Առաջին՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈՒ-ն Սիրիայի և Թուրքիայի սահմանին խփեց ռուսական Սու-24 կործանիչը, ինչը թուրքական և ռուսական զինված ուժերին կանգնեցրեց Սիրիայում լայնածավալ առճակատման եզրին։
Երկրորդ՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում գեղարվեստական ցուցահանդեսի ժամանակ սպանվեց թուրքական ոստիկանության աշխատակից Մևլութ Մերթ Ալթինթասի կողմից, ում կասկածում էին իսլամական արմատականներին անդամակցելու մեջ։
Երրորդ՝ 2016 թվականի օգոստոսից՝ հեղաշրջման փորձից անմիջապես հետո, մինչև 2017 թվականի մարտ թուրք զինվորականները Սիրիայի հյուսիսում անցկացրել են 7 ամիս տևած «Եփրատի վահան» գործողությունը։
Չորրորդ՝ 2017 թվականի հոկտեմբերին Անկարան ներխուժեց Սիրիայի հյուսիս-արևմուտքում Իդլիբ՝ սիրիացի գրոհայինների և Սիրիայի կառավարության միջև ապաէսկալացիայի գոտի ստեղծելու պատրվակով, չնայած Դամասկոսի պաշտոնական բողոքին այն մասին, որ թուրքական զինված ուժերը խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հինգերորդ՝ Թուրքիան 2018 թվականի հունվարից մարտ Olive Branch գործողությունն է անցկացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի կողմից վերահսկվող անկլավ Աֆրինում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը