05 10 2020

Իրանը փորձում է կասեցնել հակամարտությունը, ոչ թե միջամտել. Գարիկ Միսակյան

Իրանը փորձում է կասեցնել հակամարտությունը, ոչ թե միջամտել. Գարիկ Միսակյան

 

Իրանի դիրքորոշումը շարունակվում է չեզոք մնալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը: Նրա խոսքով՝ Իրանը պաշտոնապես հայտարարում է, որ արցախյան հակամարտության համար ռազմական ճանապարհ գոյություն չունի և կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթաց, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով նաև դադապարտում է խաղաղ բնակչության դեմ արված ցանկացած գործողություն, բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվում արդեն բոլոր միջազգային հարթություններում շոշափված ահաբեկիչների՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու փաստին:

«Իրանական կողմից լուրեր պտտվեցին նաև հյուսիսային սահմաների մոտ զինված  ուժերի կենտրոնացման մասին, զրահատեխնիկայի նկարներ հայտնվեցին, նաև իրենց խորհրադարանի պատգամավորները այցելեցին սահմանամերձ շրջաններ, նաև Իրանի իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի  հրամանատարն է այցելել Թավրիզ, այնտեղից սահմանամերձ շրջաններ դիտարկումներ կատարելու համար: Իրանական կողմում բավական լուրջ անհանգստություններ կան ահաբեկիչների հետ կապված: Այդ պատճառով Իրանը նաև խիստ շահագրգռված է ռազմական գործողությունների դադարեցման ու բանակցային գործընթաց վերադառնալուն: Բացի այդ Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր հայտարարեց, որ Իրանը ծրագիր ունի բանակցային գործընթացը շարունակելու համար և կողմերից պահանջեց անհապաղ վերադառնալ բանակցային գործընթաց, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:

Թուրքիայի անմիջական մասնակցության մասին է շատ բարձրաձայնվում, ինչպես նաև Իրանի ազգայնական և փորձագիտական դաշտերում բավական շատ են հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան է միջամտել հակամարտությանը, կամ ավելի ճիշտ այսպիսի տեմպով ռազմական գործողությունները կապված են հենց Թուրքիայի գործոնի հետ, քանի որ նույն ահաբեկիչները հենց Թուրքիայի միջոցով են հայտնվել Ադրբեջանի տարածքում և իսրայելական զինտեխնիկայի կողքին բավական մեծ թվով արդեն թուրքական զինտեխնիկա  է օգտագործվում: Սա Իրանի համար իհարկե անհանգստացնող է, քանի որ նույն ահաբեկիչների դեմ իրանցիները կռվել են Սիրիայում, այսինքն դա շոշափվում է, որ նույն ահաբեկիչները, որոնց դեմ իրանցիները կռվել են Սիրիայում, հիմա մոտեցել են Իրանի սահմանին և բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք նշում են, որ նման դեպք չի եղել, որ ահաբեկիչներն այսքան մոտ լինեն Իրանի սահմանին:

Այս փուլում Իրանի կողմից չեզոքության պահպանումը բնական է, քանի որ Իրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է որդեգրում, մենք նրա երկու հյուսիսային հարևաններն ենք և կողմերից որևէ մեկին բացահայտ աջակցությունը չի բխի Իրանի կամ կողմերից որևէ մեկի շահերից, քանի որ նաև միջազգային հարթությունում բոլոր կողմերը ջանում են կանգնեցնել համակարտությունը, ոչ թե միջամտել, բացի Թուրքիայից, որը բացահայտ ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել և աջակցում է Ադրբեջանին ամենաբարձր մակարդակով»,- եզրափակեց իրանագետը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ