04 10 2020

Պատերազմական իրավիճակի անդրադարձը միջազգային մամուլում

Պատերազմական իրավիճակի անդրադարձը միջազգային մամուլում

 

Արդեն 8-րդ օրն է, ինչ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում է թշնամու կողմից սանձազերծված պատերազմը: Պատերազմական գործողություններին այս օրերին ակտիվորեն անդրառանում են ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, որոնց հրապարակումներից ներկայացնում ենք հատվածներ:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակտիվ դերակատարում է սկսել խաղալ բազմաթիվ ճակատներում՝ Իդլիբից մինչև Տրիպոլի, իսկ այժմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին»-, գրում է Morocco World News-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին Անկարայի միջամտությունից հետո, վերջինս այժմ սկսել է ակտիվ մասնակցությունը Հարավային Կովկասի հակամարտությանը, պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի հետ բախումների և աճող ռազմական գործողությունների, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի հետ ոչ միանշանակ հարաբերությունների մասին։

«Էրդողանի Լիբիական հռետորաբանության մեջ կան նաև երրորդ աշխարհի կողմնակիցների պանիսլամիստական նկրտումների և սենտիմենտալության տարրեր։ Երբ Էրդողանը խոսում է միջազգային հանրության անտարբերության կամ Լիբիայում խաղաղության և կայունության պահպանման համար Թուրքիայի անհրաժեշտ ամեն ինչ անելու համարձակության մասին, նա նաև խորաթափանցորեն իր սովորական՝ պահպանողական և երրորդ աշխարհի կողմնակից լսարանին ասում է, որ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել իր «կարիքավոր եղբայրներին»՝ անկախ նրանից, թե դա ինչ կարող է արժենալ Անկարային»,- գրում է աղբյուրը։

Հոդվածագրի խոսքով՝  այդ հռետորաբանությամբ Էրդողանը ցանկանում է, որ մուսուլմանական զարգացող աշխարհը Թուրքիայում տեսնի որպես ավագ եղբոր։

«Մեկ շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի պահանջների պատճառով բռնկվել է հերթական տեղական հակամարտությունը: Բաքուն հայտարարել է իր վճռոշորության մասին մեկընդմիշտ վերադարձնել «օկուպացված» հողերի նկատմամբ վերահսկողությունն ու սկսել պատերազմ ընդդեմ Հայաստանի»,-գրում է Modern Diplomacy-ն:

Կայքը նաև գրում է, որ չնայած պատմական լարվածության Բաքվի և Երևանի միջև՝ ռազմական գործողությունները եղել են անսպասելի միջազգային հանրության համար. «Միևնույն ժամանակ Թուրքիան անմիջապես աջակցել է Ադրբեջանի գործողություններին, ինչն, ըստ ամենայնի, ներշնչել է վստահություն Ադրբեջանի ղեկավարության շրջանում, որը համարել է, որ կապահովի անխոչընդոտ հաղթանակ հայկական զորքերի նկատմամբ: ՆԱՏՕ-ի անդամ, տարածաշրջանում հզոր պետության՝ Թուրքիայի աջակցությամբ անսպասելի հարձակումը այդուհանդերձ թույլ չի տվել ադրբեջանցիներին հաստատել լիարժեք վերահսկողություն Լեռնային Ղարաբաղում: Ի՞նչն այնպես չէ թուրք-ադրբեջանական քարոզարշավում»:

Washington Post-ը գրում է. «Անցած շաբաթ երկար տարիների լռությունից հետո կրկին ռազմական գործողություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, որոնք կարող են հանգեցնել արյունալի բախումների, Եվրոպայում էներգամատակարարման խախտման եւ հարեւան գերտերությունների ներքաշման»:

Պարբերականը նաև գրում է. ինչպես միշտ ստացվում են հակասական տեղեկություններ, թե որ կողմն է սկսել հրաձգությունը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի ավտոկրատ ղեկավար Իլհամ Ալիևը սկսել է հարձակումը, որպեսզի վերադարձնի տարածությունը, որը կորցրել էր իր երկիրը 1990-ականներին, եւ որ դա նա անում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ. «Դա անխոհեմ գամբիտ է, որն արտացոլում է ինչպես նախագահ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների ազդեցության թուլացումը, այնպես էլ նրա ընկեր, Թուրքիայի ավտոկրատ ղեկավար Ռեջեփ Թայիթ Էրդողանի աճող հավակնությունները»:

Քրդական ANF-ն էլ իր հրապարակման մեջ անդրադարձել է Արցախի դեմ կռվող սիրիացի ահաբեկիչներին և գրել. «Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված և Արցախի դեմ կռվող սպանված սիրիացի ահաբեկիչների թիվը հասել է 64–ի: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի կողմից ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու փաստը հաստատել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ եւ պետությունների ղեկավարներ»։

«Լեռնային Ղարաբաղում էսկալացիան վկայում է այն, որ շատերն անվանում են սառը պատերազմի ռազմական միությունների հնացում: Հնարավոր է, որ առաջին անգամ Արեւմտյան Եվրոպայի երկրները, ինչպիսին է Ֆրանսիան, նորագույն պատմության մեջ սկսել են առաջարկել զգուշավոր քաղաքական աջակցություն հակամարտության միեւնույն կողմից, որին աջակցում է Ռուսաստանն ու Իրանը (երկուսն էլ Հայաստանի դաշնակիցների են) ընդդեմ ՆԱՏՕ-ի անդամի (Թուրքիա)»,- գրում է New Statesman-ը:

Լրատվամիջոցը նաև գրում է. «Հակամարտությունը կարող է ավարտվել ՆԱՏՕ-ի անդամների՝ տարբեր կողմերի կամ անգամ միմյանց դեմ ՆԱՏՕ-ի անդամների աբսուրդային միավորմամբ՝ չնայած դա առաջին անգամ չէ, ինչը մեզ հուշում է արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակական հակազդեցությունը: Եվ դարձյալ ՆԱՏՕ-ի ետնաբեմում համակարտությունը հակադրվում է Թուրքիային Արևմտյան Եվրոպայի մեծ մասի դեմ: Մինչդեռ ԱՄՆ-ը տարված է նախագահական քարոզարշավով և հիմնականում բացակայում է, և այդ դրությունը հազիվ թե փոխվի, եթե երկրի ղեկավարը հիվանդացել է կորոնավիուսով:

News York Times-ը գրում է. «Լեռնային Ղարաբաղում մեկ շաբաթ առաջ սկսված ռազմական գործողություններն առաջացնում ենք ավելի լայնածավալ պատերազմի վտանգի տագնապ, որում կարող է ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»:

«Հակամարտությունը զարգացել է տասնամյակներ շարունակ Կովկասի լեռնային շրջանում, որը չունի էական ռազմավարական նշանակություն: Ինչո՞վ է անցած շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողությունների էսկալացիան տարբերվում նախկինում բռնության էպիզոդիկ բռնկումներից: Կա մեկ նշանակալի տարբերություն. հակամարտության մեջ Թուրքիայի առավել անմիջական մասնակցությունը՝ ի աջակցություն իր էթնիկ թուրքական դաշնակից Ադրբեջանի ավանդաբար ռուսական ազդեցության ներքո գտնվող տարածաշրջանում: Ռազմական գործողությունները կատարվում են այն ֆոնին, երբ Թուրքիան էլ ավելի ակտիվ է խաղում Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ուժային դիրքերի հետ, ինչն ամրապնդում է տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի վտանգը, որը եղել է հիմնականում լոկալ»,- գրում է News York Times-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ