Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը մենակ մնացին, առանց դաշնակիցների։ Նույնիսկ գերտերությունները պատերազմների ժամանակ ձգտում են դաշնակիցներ ունենալ, իսկ ահա մեզանում հպարտորեն ու դուխով հայտարարվում է, որ մեր երեխեքը միայնակ պայքարում են ադրբեջանական, թուրքական ու իսլամիստ ահաբեկիչների բանակների դեմ և հանուն գլոբալ անվտանգության։ Եվ այս վիճակը ներկայացվում է որպես ձեռքբերում։ Մենակ մնալը ոչ թե հպարտության, այլ խայտառակության դրսևորում է։
Ինչո՞ւ ամեն ինչ արվեց, որպեսզի Ռուսաստանը մեզ ընկալի որպես անվստահելի գործընկեր։ Ինչո՞ւ միտումնավոր ու հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները։
Ինչո՞ւ Հայաստանում իշխանությունը կանաչ լույս վառեց սորոսաթուրքական ուժերի առաջ։
Ինչո՞ւ վիժեցվեցին Ղարաբաղյան բանակցությունները։
Ինչո՞ւ նպատակամղված վարկաբեկվեցին արցախյան գոյամարտի հերոսները և ինչո՞ւ նրանք ենթարկվեցին քրեաքաղաքական հետապնդումների։
Ինչո՞ւ պատերազմ ստացանք։ Չէ՞ որ մեզ խաղաղության էին նախապատրաստում ու խաղաղասիրություն քարոզում՝ հընթացս ձուլելով փամփուշտներն ու դրանցից զարդեր ստանալով։
Հիմա Ստեփանակերտում հրթիռների «մուղամ» է։ Ինչո՞ւ սրան հասանք։
Բազմաթիվ այլ «ինչուներ» էլ կան․․․»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը