24 09 2020

ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի․ Armlur.am

ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի․ Armlur.am

ArmLur.am-ը գրում է․

«ArmLur.am-ի տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն առաջիկա երկու օրերին աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու: Մեր տեղեկություններով, փոխնախարարի՝ նման որոշման պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկման պատճառ են դարձել:

Մասնավորապես, մեր տեղեկություններով փոխնախարարը դժգոհել է, թե կրթության չափորոշիչներն ազգային արժեքներին դեմ են եւ նա հրաժարվում է աշխատել մի կառույցում, որտեղ դեմ են ազգային արժեքներին եւ գործում են դրա դեմ:

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում կրթության չափորոշիչների թեման դարձել է նաեւ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ: Եվ գրեթե ամեն օր Երեւանում ցույցեր են տեղի ունենում նախարարի հրաժարականի պահանջով: Ավելին, այդ չափորոշիչներին դեմ են անգամ Ազգային ժողովի պատգամավորները, որոնք ոչ մեկ անգամ են բարձրաձայնել այդ մասին: Հիշեցնենք՝ ըստ ԿԳՄՍ նախագծի՝ նախատեսվում է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև: Զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար լեզուների ժամերի համադրության մասին։ Բացի այդ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենը առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում:

Բացի այդ, կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ չափորոշիչներում առկա են սկանդալային կետեր, Կենսաբանության առարկայի խնդրահարույց կետերից մեկը 8-րդ դասարանին էր վերաբերում, որտեղ սեռային, ավելի ճիշտ վերարտադրողական դասընթացներ պետք է լինեին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ