Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները ոչ միայն փաստում, վերահաստատում են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի մասին, այլ պարզորոշ կերպով ահազանգ հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որպես առաջնային քայլ համապատասխան ինստիտուտներին, իրավասու կառույցներին առաջարկում եմ՝
Առաջին, էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազորային կազմի հավաքների մասնակիցների թիվը:
Երկրորդ, աշխարհազորայինների մասին օրենքն ամբողջացնել՝ հաշվի առնելով այս ընթացքում հնչեցված առաջարկները, հրատապ կարգով մտցնել Ազգային ժողով և ընդունել: Անցնել կազմավորման աշխատանքներին:
Երրորդ, պատերազմի մասնակիցներին միավորող կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով և համապատասխան առողջապահական ընթացակարգերից հետո կազմավորել համահավաք ստորաբաժանումներ, անցկացնել հավաքներ և նրանց ժամանակավոր կցել սահմանի տարբեր ուղղություններով տեղակայված բանակային միավորումներին:
Հետագայում դիտարկել նրանց՝ աշխարհազորում ներգրավվելու ձևաչափն ու հնարավորությունները, սակայն կոնկրետ այս փուլում, նկատի ունենալով արագ գործելու կարևորությունը, ներգրավվել այս ձևաչափով:
Չորրորդ, կարելի է դիտարկել նաև, առայժմ կամավոր հիմքունքներով, պահեստազորից ներկայացուցիչներ առանձնացնելու և նրանց սահմանի տարբեր ուղղություններով մարտական հերթապահության կամ որպես զորամասերի, գումարտակների լրացուցիչ ռեզերվ ներգրավելու հարցը:
Կարևոր չէ, թե արդյո՞ք վաղը, մի շաբաթ կամ մեկ ամիս հետո ռազմական գործողությունները կվերսկսվեն, այս պահին անվտանգային սպառնալիքներն ակնհայտորեն մեծացել են և մենք մեզ ապահովագրելու նպատակով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը