Խաչվերացի տոնին՝ սեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնում ձեռնադրության արարողության ընթացքում չորս սարկավագներ Արշակ Սրբազանի կողմից ստացել են նոր անուններ. Տ. Հայկ քահանա, Տ. Հայասա քահանա, Տ. Հայկազուն քահանա և Տ. Արմեն քահանա։
Գերաշնորհ եպիսկոպոսը, շնորհավորելով ամենքին, մասնավորաբար ասել է. «Հնարավո՞ր է արդյոք երևակայել, որ Աստված մեզ՝ այսօրվա հոգևորականներիս, շնորհ է պարգևել դառնալու ուղիղ ժառանգորդը լուսամիտ ու սրբակենցաղ՝ հռչակավոր հոգևոր մեր հայրերի՝ Լուսավորիչ, Սահակ Պարթև ու Շնորհալի Հայրապետների, կրելու նույն տիտղոսն ու աստիճանը, ինչ Մաշտոց ու Նարեկացի աստվածախոս վարդապետները: Խոսքն ուղղելով նորընծաներին՝ ասել է.
«Սիրելի՜ եղբայրներ, այս ամբողջ պատվի մեջ դյուրին ճանապարհ չէ սպասվում ձեզ։ Քիչ չեն այցելելու ձեզ հուսախաբությունները, միշտ չէ որ մեծարանքով պիտի ընդունեն ձեզ և գովասանքով արտահայտվեն ձեր մասին: Ոմանց համար դուք լինելու եք միջնադարյան խավարամտության ու հնաոճության ժամանակավրեպ քարոզիչներ, ուրիշների համար տաղտկալի ու զավեշտական են թվալու կյանքի ու մահվան, փրկության ու հավիտենական կյանքի մասին ձեր մտորումներն ու քարոզները։ Քրիստոսին հետևելու, Խաչի ճանապարհի ուխտավոր լինելու՝ ձեր հավատքի ու համոզումների, հոգևոր, բարոյական ու ազգային սրբությունների պաշտպանության ու քարոզության համար կլինի, որ կհատուցեք ձեր առողջությամբ, հարմարավետությամբ ու բարեկեցությամբ։ Կյանքում առաջացող բնական ու հարուցված խոչընդոտներն ու զրկանքները հաճախ դուք կկրեք խոր միայնության մեջ՝ միակ, բայց և անփոխարինելի սփոփանք գտնելով Աստուծո հետ զրույցներում։ Եվ այս է՝ Աստծու հանդեպ հավատքն ու հավատարմությունը, մխիթարության մեր աղբյուրը։ Այդ հավատքն է ուժ ու զորություն է պարգևում հոգևորականներիս: Մեր պատասխանատվությունը անվրեպ աճում է այն գիտակցությամբ, որ մենք պահապաններն ենք Տիրոջից ժառանգություն ստացած Հայոց հոգևոր ամրոցի։ Մարգարեի խոսքի համաձայն. «դետ ենք կարգված Աստծո ժողովրդի մեջ» (հմմտ. Եզ. 3։17)։ Հայոց այդ հոգևոր ամրոցի, սրբազան մեր հայրենիքի հիշատակները կրկին-վերստին ձեր հոգիներում անջնջելիորեն դրոշմելու համար մենք հայկաշունչ նոր անուններով կոչեցինք ձեզ։ Ձեզ անվանադրեցինք Տեր Հայկ, Տեր Հայասա, Տեր Հայկազուն և Տեր Արմեն, որպեսզի միշտ հիշեք Ձեր պարտքը ձեզ ծնած ու սնած ժողովրդի հանդեպ, միշտ հիշեք հայոց հոգևոր ու ազգային ինքնության պաշտպանության, պահպանության ու զորացման մեջ ձեր բացառիկ կոչման ու պատասխանատվության մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը