Կառավարության՝ սեպտեմբերի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի վարակվածությամբ դեպքերի՝ վերջին երկու օրերին կտրուկ ավելացումներին։ Վարչապետն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վերլուծություն կա՞, թե թվերի աճն ինչի հետ է կապված։ «Նկատում ենք թեստավորման մեջ նաև տոկոսային աճ, այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է։ Մենք մեր վերլուծությունների արդյունքում կարծում ենք, որ այս աճի միտումը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի ավելի ակտիվացման հետ՝ մինչդպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն տեսանելի կլինի, թե դպրոցների բացման արդյունքում ինչ իրավիճակ է»,- ասաց փոխնախարարը։ Վարչապետն իր հերթին հավելեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք՝ դիմակ և պետք է խստորեն պահպանենք։ Ասաց, որ ոչ մի ոստիկան պետք է դիմակ չկրող քաղաքացու կողքով անտարբեր չանցնի, բայց պետք է քաղաքացու արժանապատվությունը չվիրավորի։ Այնուհետև վարչապետը բացատրեց, թե ինչ է դիմակը և ինչպես են այն օգտագործում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը