Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ,
Այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը:
Նա նաեւ ընդգծել է. «ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային եւ ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը