ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցմանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթին։
Նախատեսվում են փոփոխություններ, որոնք միտված են վարչարարության պարզեցմանը, մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատմանը, որակի բարձրացմանը, իրավական հիմք են ստեղծում հետագա թվայնացման աշխատանքների պարզեցման համար:
Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է սահմանել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ` front եւ back office ձեւաչափով:
«Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կենտրոնները, միասնական գրասենյակները, որոնց առաջին միասնական գրասենյակն արդեն գործում է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կարող են նաեւ դիմումներն ընդունել մասնավոր լիազոր օպերատորների կողմից, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում հյուպատոսարանների կողմից:
Նոր օրենքով` ամուսնացող զույգերն այլևս ստիպված չեն լինի երկար սպասել զագսի գրանցմանը։ Այսօր գործող 1 ամսվա փոխարեն նրանք կկարողանան գրանցվել դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվանից մինչև 6 ամսվա ընթացքում` իրենց նախընտրած օրը։
«Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչեւ 3 ամիս: Նոր նախագծով սահմանել են դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչեւ 6 ամիս՝ իր նախընտրությամբ օրը»,- նշեց նա՝ հավելելով, որ ամուսնության համար վճարվող 1000 դրամ պետական տուրքը վերացվել է եւ այն անվճար կտրամադրվի։ Նրա խոսքով՝ տարեկան 15 հազար ամուսնություն է գրանցվում ՀՀ-ում։
Միայնակ մայր հանդիսանալու մասին տեղեկանքի համար նախատեսված պետական տուրքը եւս կվերացվի։
«Միաժամանակ որոշ ծառայությունների դեպքում պետական տուրքի դրույքաչափերը ավելացնում ենք։ Բոլոր այն ծառայությունները, որ անհրաժեշտ են քաղաքացուն իր ամենօրյա կյանքում՝ կամ անվճար ենք դարձնում կամ նվազեցնում ենք դրույքաչափերը, իսկ բոլոր այն ծառայությունները, որոնք առաջին անհրաժեշտության չեն եւ հաճախ հենց անձի մեղքով է նորից դիմում ներկայացվում՝ այդտեղ որոշակի դրույքաչափերի բարձրացում ենք կատարում»,- ներկայացրեց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը