ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն:
Նախագծով սահմանվում է հայրության արձակուրդը: «Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ՝ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը: Նախագծի հեղինակ Վարդանյանը ձեռնպահ մնաց այդ առաջարկն ընդունելուց: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը