Իմ առաջարկով վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ սա նախնական առաջարկ է:
«Կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել համապատասխանաբար 2 միլիոն և 3 միլիոն դրամ, որը՝ որպես առաջարկ, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը, կարևոր լինելով, պետք է լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ խմբակցությունների կողմից լսել կարծիքներ»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս նախաձեռնությամբ խնդիր չի լուծվելու, շատ ավելի խորքային խնդիրներ կան, Սիմոնյանն արձագանքեց, թե բոլոր նախագծերի վերաբերյալ կարելի է ասել, թե խորքային լուծում չեն տա:
«Ես՝ որպես մարդ, որ այս պահին ունի 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ գումարի չափը կարո՞ղ է զսպել, քանի որ այժմ էլ, թեև ավելի քիչ չափով, բայց գումարի չափ է սահմանված, պատգամավորն արձագանքեց, թե իր կարծիքով՝ գումարի չափը կարող է զսպել.
«Որովհետև բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն կոնկրետ աշխատավարձով աշխատողների տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցով վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ինչ-որ միավորումների անուններ են հնարում, վերագրում իրենց: Կարծում եմ, որ դա իրենց կզսպի ու հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնի, եթե ինչ-որ գործիչ դրանով ծանրաբեռնի իր տնտեսական վիճակը»,-ասաց նա՝ նշելով, թե նախաձեռնությունը կեղծ օգտատերերին չի վերաբերում, որովհետև չի կարող պարզվել՝ ով է պատասխանողը:
«Կեղծ օգտատերերը, մեծ հաշվով, նման ազդեցություն չունեն, րոպեական բան է: Բայց կոնկրետ անձնավորություն կարող է հնարել, որ իմ շապիկն արժե 10.000 դոլար, և լուրը շրջանառվի, տարբեր մարդկանց կողմից շահարկվի: Սրանով այդ շահարկումները նույնպես կկանխվեն, և ինչ-որ ձևով լուծումներ կտրվեն»,-ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, թե դատական գործընթացից առաջ միշտ էլ կա հերքման հնարավորությունը:
«Ունենալու ենք իրավիճակ, երբ օգտատերը կամ որևէ քաղաքացի որևէ հայտնի մարդու հետ կապված վիրավորանք կամ զրպարտություն հնչեցնելուց 2-3 անգամ ավելի շատ կմտածի: Դա վերաբերում է նաև մեզ՝ քաղաքական գործիչներիս: Ես իմ գործընկերոջն ինչ-որ բանում մեղադրելուց առաջ նույնպես պետք է զգույշ լինեմ, որովհետև կարող է պատասխանատվություն վրա հասնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը