ՀՅ Դաշնակցության Բյուրոն Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով շնորհավորում է Արցախի ժողովրդին եւ համայն հայությանը։
Տարածած հայտարարությունում ասվում է. «29 տարի առաջ այս օր, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին գումարվեց ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ բոլոր կարգի պատգամավորների մասնակցությամբ։ Հիմք ընդունելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթը, նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ 1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով օրենսդրորեն ամրագրելով 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները:
Արցախի Հանրապետության օրվա առիթով, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարում է.
ա) 1991 թ. Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:
բ) Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության եւ հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։
գ) Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը շարունակում է մնալ հրատապ անհրաժեշտություն։ Նման համաձայնագիրը, այլ հարցերի իրավական կարգավորման զուգահեռ, իրավականորեն կամրագրի Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանձնառությունը՝ շարունակել հանդես գալու որպես Արցախի Հանրապետության անկախության եւ անվտանգության երաշխավորի:
Առավել, այն իրավականորեն կհիմնավորի Արցախի շուրջ բանակցություններին՝ Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը։ Կստեղծի լիարժեք պայմաններ Արցախի տարածքում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի անխափան գործադրման համար։
դ) Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅ Դաշնակցությունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման հարցերում եւ հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը